Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է «լռեցնել» Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ հարցը։
«Իհարկե, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սեւ արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Եվ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը վնասվել է դրսից՝ Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, եւ գործնականում կորցրել է կառավարումը»,- ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը «անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով», ինչը ինքնաթիռին հասցված առաջին վնասն է եղել։ Այնուհետեւ ցամաքից արձակված կրակի հետեւանքով օդանավի պոչային հատվածը լրջորեն վնասվել է։ Իսկ օդանավի թռչունների երամի հետ բախման մասին վարկածն ամբողջությամբ հանվել է օրակարգից, քանի որ ինքնաթիռի արտաքին շերտի վրա մեծ քանակությամբ անցքեր կան, հավելել է Ալիեւը։
«Մեզ վրդովեցնող եւ զարմացնող հանգամանքներից մեկն այն էր, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ—որ բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել հարցը, եւ դա, բնականաբար, ոչ մեկին պատիվ չի բերում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւի խոսքերով՝ ակնհայտ է, որ ինքնաթիռը կանխամտածված կերպով չի խոցվել, սակայն ռուսական կողմը պետք է արագորեն ընդուներ իր մեղքը կատարվածի համար եւ ներողություն խնդրեր Ադրբեջանից։
«Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից՝ բացի հորինված վարկածներից»,- եզրափակել է Ալիեւը։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։
Նախօրեին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր իր նախաձեռնությամբ Ալիեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ներողություն խնդրել իր երկրի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձության համար։