Արցախցի Մանասյանները մեկ տարի առաջ Լորուտի՝ մեկումեջ դատարկ տներից մեկում են տեղավորվել։ Լորուտը Մարտունու իրենց գյուղին՝ Եմիշճանին, ասում են, շատ է նման։ Բայց միայն բնությամբ ու լեռներով։ Գյուղի առօրյան այնտեղ ակտիվ, կյանքով լի էր, այստեղ՝ միապաղաղ ու ձանձրալի։
Տեղանքին հարմարվելու եւ մշտական այստեղ հաստատվելու առումով ընտանիքը երկու մասի է բաժանված։ Ամուսինները ուզում են մնալ․ աշխատանք են գտել, որից գոհ են։ Երեխաներն ու տատիկն են ընդդիմանում։ Տիկին Սեդան դուռն ամեն օր բացող-փակող հարեւանների, թոռներն էլ օրը հետաքրքիր բանով լցնելու կարիք են զգում, ինչը Լորուտում չկա։
«Լավ աշխատանք ունեմ, ժամանակին վարձատրում են, ամուսինս էլ մեկ-մեկ տաքսի է քշում, նաեւ զինվորական թոշակ է ստանում։ Բայց էրեխեքը չեն հարմարվում, մենակություն են զգում, ասում են՝ զբաղմունք չկա։ Հարեւան էլ չունենք, կողքը դատարկ տներ են»,- պատմում է ընտանիքի մայրը՝ Լուսինեն։
Գյուղ գալուց կարճ ժամանակ անց նա աշխատանքի է անցել պանրի արտադրամասում։ Աշխատանքային պայմանները, կոլեկտիվը եւ ընդհանրապես գյուղի մարդիկ լավն են, իրենց հարազատի նման են ընդունել։ Տանտերն էլ տունն անհատույց է տրամադրել, որտեղ կենցաղային տարրական պայմաններ չկան։ Բայց ընտանիքին մտահոգող միակ հարցն է՝ ուր գնալ, կյանքը զրոյից որտեղ սկսել։
«Կարիքները շատ-շատ են, բայց առաջնահերթությունը տունն է։ Անհայտության մեջ կանգնած ենք, չենք կողմնորոշվում, թե ուր գնանք։ Մի զարգացած գյուղ լինի, քաղաքին մոտիկ, որ էրեխեքը զբաղմունք ունենան, թեկուզ աշխատեն։ Ամեն օր ասում են՝ մա՛մ, պա՛պ, ինչ եք մտածում։ Գործից գալիս ու իրենց բողոքներն եմ լսում։ Թե չէ ես դեպի քաղաք չեմ ձգտում, ամբողջ կյանքս գյուղում եմ ապրել»,- ասում է Լուսինեն։
Մանասյանների հինգ երեխաներից ավագ դուստրն ամուսնացել եւ Ռուսաստան է տեղափոխվել, որդիներից մեկը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում է սովորում, մյուս չորս երեխաները Լորուտի միջնակարգ դպրոց են հաճախում։ Որդիներից ավագը՝ 17-ամյա Սասունը, Մարտունիի Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում է սովորել։ Ավտոէլեկտրիկ պիտի դառնար։
«Էստեղի դասարանս, ընկերներս լավն են շատ։ Բայց մնանք էստեղ, ի՞նչ անենք։ Գոնե զբաղմունք լիներ, բան սովորեի։ Վարսավիրության սեր ունեմ, հմտություններ էլ, բայց ումի՞ց մի բան սովորեմ, զարգացնեմ։ Մի քանի ամսից դպրոցը կավարտեմ, բանակից էլ դեռ մի տարի ժամանակ կա, գոնե սովորեմ, աշխատեմ»,- ասում է Սասունը։
Մի բարերար Մանասյանների ավագ դստերը վարսահարդարման պարագաներ, գործիքներ ու գույք է նվիրել, որ աղջիկը գյուղում մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն ունենա։ Սասունը դրանք կօգտագործի, եթե կարողանա գործի մեջ հմտանալ։
Տան ամենափոքրերը՝ Նանարը, Մանեն եւ Դանիելը, ամեն օր տնից դպրոց, դպրոցից էլ տուն են գնում։ Այլ ուղղություն չկա։ Միայն Մանեն մի քանի ամիս Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն է հաճախել, հետո ասել են՝ ճանապարհների պատճառով Լորուտի երեխաները մինչեւ հունվար պիտի սպասեն։
Լուսինեն աշխատանքին զուգահեռ արցախցի կանանց համար կազմակերպված մեղվաբուծության դասընթացի է մասնակցել, հետաքրքրված է նաեւ այլ ծրագրերով, միայն թե կարողանա ընտանիքի համար ինչ-որ բան անել։ Անասուն պահելու հարմարություններ ունեն, բայց հիմա միայն խոզեր են պահում, վաճառում։ Ու քանի դեռ Լորուտում մնալ-չմնալու հարցը վերջնականապես որոշված չէ, այլ բանի մասին չեն մտածում։
«Գյուղապետարանի քարտուղարն ասում է՝ մի՛ գնացեք, ժամանակի հետ գործ կլինի, բայց դե էրեխեքը չեն հարմարվում։ Տղայիս ասում եմ՝ քաղաքում տուն կվարձենք, կսովորես, բայց ուզում են, որ միասին լինենք։ Էս աջակցություններն էլ մի օր կտրելու են, մնանք շվարած, կանգնած։ Ո՞նց ենք ապրելու»,- տարակուսած հարցնում է Լուսինեն։
Լորուտն ընտանիքի համար առանձնանում է իրենց նկատմամբ մարդկանց հոգատարությամբ ու սիրով։ Ասում են՝ այստեղ խտրականություն չեն դնում։ Թեեւ դպրոցում վերջերս մի միջադեպի առիթով Լուսինեին հրապարակավ ասել են՝ դուք՝ արցախցիներդ, փողի համար երեխա եք բերում, բայց չեք դաստիարակում։
«Երեխաս վատ բան էր արել, ես պատժել եմ իրեն դրա համար։ Էսքան ժամանակ մեկը մեզ չի ասել՝ տեղդ ծուռ ա, վեր կաց, մի ուրիշ տեղ նստիր։ Մենք էլ հարգանքով ենք եղել բոլորի նկատմամբ, բայց էդ խոսքից շատ եմ ազդվել։ Հետո ներողություն է խնդրել էդ ուսուցիչը, բայց ում է պետք, շատ եմ վիրավորվել էդ խոսքերից»,- պատմում է Լուսինեն, ապա ավելացնում՝ ի՞նչ տարբերություն՝ հայաստանցի ես, թե արցախցի, հայ ենք, չէ՞ ,բոլորս, բոլորիս ազգանունն էլ «յան»-ով է վերջանում։
Մեկ տարի առաջ՝ Արցախի հայաթափումից հետո, Լորուտում երեք ընտանիք է բնակություն հաստատել։ Նրանցից մեկը վերջերս՝ Կալինինո, մյուսն էլ Հրազդան է տեղափոխվել։
«Էրեխեքը դա են օրինակ բերում՝ տեսա՞ր, գնացին։ Մենք էլ մտածում ենք, որ մի դուռ էլ մեզ համար կբացվի»,- եզրափակում է Լուսինեն։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։