Հանրային ընկալման մեջ կա համոզմունք, որ Հայաստանն իր անկախությունը կորցրել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ թուրք քեմալականների եւ ռուս բոլշեւիկների հարվածների տակ ընկավ Հայաստանի Հանրապետությունը: Փաստացի դա այդպես է, իրավական տեսանկյունից՝ ոչ:
Ընդհանրապես, 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչեւ 1922 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը այնքան էլ համակողմանի չի լուսաբանվել:
Նշենք մի քանի տարեթվեր, իրադարձություններ եւ որոշումներ:
1920 թվականի նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձեւավորվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը: Մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 29-ին, կոմիտեն Ադրբեջանից՝ Աղստաֆայից, անցավ Քարվանսարա (Իջեւան) եւ Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր:
1920 թվականի նոյեմբերի 30-ին իշխող ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, ապա եւ ՀՅԴ Բյուրոն որոշում կայացրին իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու Բաքվից Հայաստան ներխուժած Հայհեղկոմին: Բյուրոյի որոշման մեջ ասվում էր. «Երկու հակառակորդ կողմերի ճնշումից հարկադրված՝ Բյուրոն հեռանում է Հայաստանից, թողնելով իր ներկայացուցչին եւ հրահանգում ընկերներին՝ գործել համաձայն իրենց տեղական պայմանների եւ գաղտնի պահպանել կուսակցության գոյությունը, իսկ ընկերներին չարգելել մտնել նոր իշխանության մեջ եւ աշխատել երկրի տնտեսական ու կուլտուրական զարգացման համար»:
Դեկտեմբերի 1-ի երեկոյան խորհրդարանի շենքում տեղի ունեցավ ՀՅԴ խմբակցության նիստը, որին ներկա էին ՀՀ կառավարության եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները: Այստեղ քննարկվում էր ՀՀ-ի հետ բանակցություններ վարող Բորիս Լեգրանի (Ռուսաստան) առաջարկ-վերջնագիրը՝ ՀՅԴ-ն պետք է իշխանությունը փոխանցի բոլշեւիկներին՝ Հայհեղկոմին: Լեգրանի առաջարկը դրվում է քվեարկության. 7 դեմ, 22 կողմ:
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի լիազոր ներակայացուցիչ Լեգրանը՝ մի կողմից, եւ Դրոն ու Համբարձում Տերտերյանը` մյուս կողմից, ի դեմս Հայաստանի կառավարության, կնքեցին համաձայնություն, որով, մասնավորապես,
Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն,
Կազմվեց ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին անցավ ամբողջ իշխանությունը Հայաստանում,
Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունեց, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են Երեւանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, եւ Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչեւ 1920 թվականի սեպտեմբերի 28-ը,
Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են հինգ անդամներ` նշանակված կոմունիստական կուսակցության կողմից, երկու անդամ` ձախ դաշնակցականների խմբակից` համաձայնելով կոմունիստական կուսակցության հետ:
Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից: Ժամանակավոր կերպով` մինչեւ հեղափոխական կոմիտեի գալը, իշխանությունը անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն: ՌԽՖՍՀ -ի կողմից Հայաստանի զորահրամանատարությանը կից կոմիսար է նշանակվում Սիլինը:
1921 թվականի փետրվարի 18-ին Հայրենիքի փրկության կոմիտեն՝ ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ, իշխանությունից հեռացրեց Հայհեղկոմին: Բազմակուսակցական Հայրենիքի փրկության կոմիտեն իշխանությունը կարողացավ պահել մինչեւ 1921-ի ապրիլի 2-ը: Ռուսական 11-րդ բանակի օգնությամբ Հայհեղկոմը կրկին զավթեց իշխանությունը:
Ադրբեջանը խորհրդայանացվել էր 1920 թվականի ապրիլին, իսկ Վրաստանը՝ 1921-ի փետրվարին: Փաստացի լինելով բոլշեւիկյան Ռուսաստանի իշխանության տակ՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը իրավաբանորեն, դե յուրե, համարվում էին անկախ հանրապետություններ:
1922 թվականի մարտի 12-ին երեք հանրապետությունների գործադիր մարմինների՝ Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշում ընդունեց կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն, որը ավելի հայտնի է Անդրֆեդերացիա անունով:
1922 թվականի դեկտեմբերի 30-ին Անդրֆեդերացիան որոշեց մաս կազմել ձեւավորվող ԽՍՀՄ-ի, այդպիսով՝ դե յուրե, Խորհրդային Հայաստանը կորցրեց իր անկախությունը:
Մինչեւ 1936 թվականը Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ի մաս էր որպես Անդրֆեդերացիայի երեք միավորներից մեկը: Անդրֆեդերացիայի վարչական կենտրոնը Թիֆլիսն էր:
1936 թվականին լուծարվեց Անդրֆեդերացիան, եւ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ի մաս կազմեց որպես առանձին հանրապետություն՝ Երեւան մայրաքաղաքով:
1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիր, իսկ 1991-ի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական քվեարկությամբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։