Մինչ ամբողջ ազգը քննարկում է, թե մայրաքաղաքի կենտրոն ով կարող է մտնել իր ավտոմեքենայով, ով՝ ոչ, եւ թե ում մեքենայի մակնիշը թույլ կտա կայանել կենտրոնում, հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, 21-րդ դարում տնակներից մեկում երեկ հրդեհից մարդ է այրվել, մահացել:
Սահմռկեցուցիչ այս փաստը ո՛չ դժբախտ պատահար է, ո՛չ էլ անկանխատեսելի էր: Գյումրիում նման վտանգի առջեւ կանգնած շուրջ 3000 ընտանիքներ կան, որոնք չցրտահարվելու համար վառարաններում վառում են ինչ պատահի՝ շորեր, ռետինե իրեր, պոլիէթիլենային տոպրակներ, կոշիկներ: Որ դարն ապրած տնակում ջերմություն պահելն անհնարին է, Գյումրիում զգում են բազմաթիվ մանուկներ:
«Շիրակ» կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ Գյումրին աղետի գոտուց վերածվել է աղքատության գոտու: Այսօր Կառավարությունը, բարերարները մոռացել են տնակներում ապրողների խնդիրները, նրանք էլ ոչ ոքի հետաքրքիր չեն:
Պաշտոնական տվյալներով Շիրակի մարզի գրեթե կեսը աղքատ է, իսկ 4 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ: Ամանորի նախաշեմին, երբ ամեն մեկը զբաղված է իր տոնը ճոխ կազմակերպելու գործերով, տնակներում մարդիկ գոյության պայքար են մղում:
Նշենք, որ 2770 տնակում ապրող ընտանիքներից 410-ի հանդեպ պետությունը դեռեւս չի կատարել իր պարտավորությունը. այս ընտանիքները երկրաշարժին բնակարան են կորցրել եւ դեռեւս սպասում են բնակարանատեր դառնալու իրենց հերթին։
Ի՞նչ կանի Կառավարությունը Գյումրու անօթեւանների խնդրին լուծում տալու համար, կգտնի՞ լուծում, թե՞ մարդիկ կշարունակեն Ամանորից Ամանոր տուն ունենալու երազանքով ապրել:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։