Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` «նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային հարցեր»։ Այլ մամրամասներ չեն նշվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Միրզոյանը Սեւծովյան կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Երեւանն ու Անկարան արդեն համաձայնեցրել են Գյումրի—Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
Միեւնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նաեւ նշել էր, որ ադրբեջանական կողմին Երեւանը առաջարկել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ներդնել։
Հավելենք նաեւ, որ վերջին ամիսներին թուրքական կողմը սկսել է բավականին ակտիվորեն քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցերը՝ ընդգծելով, որ Անկարան այս ուղղությամբ քննարկումները վարում է Բաքվի հետ։