Հարգելի՛ ընթերցողներ, տարեմուտն ամփոփենք՝ ներկայացնելով «Ալիք Մեդիա»-ի ձեռքբերումներն ու նոր նախագծերը։ 2024 թվականին «Ալիք Մեդիա»-ն ներկայացրել է 4509 հրապակում եւ 212 հաղորդում, որոնք տեղադրվել են նաեւ մեր յութուբյան էջում։ Այս տարվա ընթացքում նկատելիորեն ավելացել է մեզ հետեւողների թիվը սոցիալական ցանցերում եւ YouTube-ի էջերում։ 2024-ի երկրորդ կիսամյակին ունեցանք նոր նախագծեր՝ «Գիրք եւ միտք» հաղորդաշարը եւ PoliticON փոդքաստը։
Սեպտեմբերին մեր հեղինակային բոլոր նյութերը Արցախի եւ բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների մասին էին։ Մեր հրապարակումների շնորհիվ որոշ բարերարներ օգնության ձեռք մեկնեցին արցախցիներին՝ աջակցելով նաեւ, որ նրանք փոքր բիզնես հիմնեն։ Եղավ նաեւ դեպք, երբ մեր հրապարակումից հետո ամիսներ շարունակ սոցիալական աջակցություն չստացած արցախցի նկարչուհին վերջապես ստացավ այն։
2024 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ալիք Մեդիա»-ի լրագրող Հասմիկ Բալեյանը «ՀՈԴՎԱԾ 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունում արժանացավ ՄԱԿ-ի հատուկ մրցանակի։
Անշուշտ, գալիք տարում ունենալու ենք նոր նախագծեր, կյանքի ենք կոչելու նոր գաղափարներ, որոնց մասին մեր ընթերցողներին կտեղեկացնենք առաջիկայում։
2024 թվականը եւս վայրիվերումներով լի տարի էր մեր պետության եւ հայրենակիցների համար։
Հարգելի՛ ընթերցողներ, շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ՝ ձեր ընտանիքներին մաղթելով սեր եւ բարօրություն։ Փա՛ռք քաջերին, որոնք կյանքի գնով պաշտպանել են հայրենի հողը։ Ուժ եւ տոկունություն ենք մաղթում մեր երկրի սահմանները հսկող զինվորներին։ Թո՛ղ ամուր լինեն մեր պետության սահմանները, թո՛ղ հզորանա մեր հայրենիքը, եւ թո՛ղ խաղաղ բացվեն մեր արշալույսները։