Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում Կոռուպցիայի հետաքննության վարչությունը (CIO) հայտարարել է երկրի նախագահ Յուն Սեոկ-Յոլի ձերբակալման վերաբերյալ որոշման կասեցման մասին, քանի որ ձերբակալության փորձի ժամանակ հանդիպել է զինվորականների դիմադրությանը։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
«Մենք պարզեցինք, որ որոշման կատարումն անիրագործելի է շարունակվող դիմակայության պատճառով, եւ այն կասեցրել ենք՝ հաշվի առնելով տեղում անձնակազմի անվտանգության հետ կապված մտավախությունը»,- ասվում է CIO-ի հայտարարության մեջ:
Հաջորդիվ գերատեսչությունը «ափսոսանք» է հայտնել կասկածյալի պահվածքի համար, որը «հրաժարվել է կատարել իրավական ընթացակարգերը»։ Նշվում է, որ հետագա քայլերի մասին որոշում կկայացվի համապատասխան ստուգումներից հետո։
Reuters-ն էլ գրում է, որ քննիչներն ու ոստիկանները նախագահ Յուն Սեոկ-Յոլի նստավայրի մոտ են ժամանել տեղական ժամանակով առավոտյան 7-ին։ Սակայն նախագահականի տարածքում նրանք բախվել են նախագահի անվտանգության աշխատակիցների եւ այնտեղ գործուղված զինվորականների հետ։
Գործակալությունը գրում է, որ երբ քննիչները ներկայացրել են ձերբակալման մասին որոշումը, անվտանգության ապահովման ղեկավար Պակ Չոն Ջունը, վկայակոչելով պահպանվող տարածքներում գործող սահմանափակումները, արգելել է նրանց մուտքը:
Բացի այդ, ինչպես գրում է Yonhap-ը, նախագահի գրեթե հազար կողմնակիցներ հավաքվել են նրա նստավայրի մոտ՝ բողոքելու նրա ձերբակալության որոշման դեմ։
Նախագահի ձերբակալման մասին որոշում դատարանը կայացրել էր դեկտեմբերի 31-ին՝ որպես երկրում ռազմական դրություն մտցնելու քրեական գործի մաս: Միաժամանակ դատարանը նաեւ նախագահական նստավայրում խուզարկություն անցկացնելու թույլտվություն էր տվել։
Ռազմական դրության հաստատումից հետո ընդդիմությունը զուգահեռաբար Յուն Սեոկ-Յոլի պաշտոնանկության գործընթաց էր սկսել, սակայն երկրի խորհրդարանն առաջին նախաձեռնության ժամանակ չկարողացավ ապահովել գործընթացի համար անհրաժեշտ ձայները։ Այնուամենայնիվ, նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր դարձավ դեկտեմբերի 14-ին։ Սա դեռ պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, իսկ մինչ այդ նախագահը շարունակելու է պաշտոնավարումը։