Իսրայելի պաշտպանության բանակը գաղտնազերծել է Սիրիայի տարածքում դիվերսիոն գործողության մասին տեղեկությունը։ Թիրախը եղել է Սիրիայի արեւմտյան Համա նահանգի Մսյաֆ քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտը։
Հայտարարության համաձայն, որը տարածել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, գործողությունն իրականացվել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին «Շալդագ» հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի աջակցությամբ։
«Ռեյդի թիրախը եղել է Սիրիայի տարածքում գտնվող ստորգետնյա համալիրը, որը ֆինանսավորվել եւ աջակցություն էր ստացել Իրանից։ Համալիրը Իրանի համար ունեցել է առաջնային նշանակություն Իսրայելի հյուսիսային սահմանների մոտ գտնվող իր ահաբեկչական արբանյակներին զինելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Համալիրի ներսում տեղակայված են եղել մեծ եւ փոքր հեռահարության ճշգրիտ կառավարվող հրթիռների հավաքման կետեր, ինչը զգալիորեն մեծացրել է շիական «Հեզբոլլահի» եւ տարածաշրջանի այլ ռազմականացված խմբերին հրթիռների մատակարարման ծավալները։
Այս գործողության ծրագրումն ու նախապատրաստումը տեւել են մի քանի ամիս, որի ընթացքում իսրայելցի զինվորականներին հաջողվել է հասնել կարեւորագույն կետերին, առգրավել հետախուզության համար արժեքավոր փաստաթղթեր, ոչնչացնել համալիրը եւ ապահով վերադառնալ Իսրայելի տարածք, նշվում է հաղորդագրության մեջ։
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել ռազմավարական եւ պրոֆեսիոնալ կերպով՝ օգտագործելով տարբեր մեթոդներ եւ մարտավարություններ՝ Իսրայելի քաղաքացիների դեմ սպառնալիքները վերացնելու համար»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։