ԱՄՆ-ը «շատ մտահոգված է եղել» ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությամբ, Financial Times-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում կարծել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առնվազն դիտարկել է միջուկային զենք օգտագործելու տարբերակը։
«Նույնիսկ եթե այդ հավանականությունը 5%-ից հասնում է 15%-ի, դա շատ լուրջ է»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով հարցին, թե որքան լուրջ են Վաշինգտոնում վերաբերվել Պուտինի սպառնալիքներին։
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը այն քչերից էր, որում Չինաստանը մեծ հավանականությամբ պատրաստ էր օգնելու ԱՄՆ-ին՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի դեմ հակամարտության ընթացքում Պեկինը աջակցում է Մոսկվային։
Բլինքենի խոսքերով՝ Վաշինգտոնը «հիմքեր ունի ենթադրելու», որ Չինաստանի իշխանությունները կապ են հաստատել ռուսական կողմի հետ եւ զգուշացրել միջուկային զենքի կիրառման հետեւանքների մասին: Ըստ պետքարտուղարի՝ դա կարող էր տեղի ունեցած լինել այն ժամանակ, երբ Վաշինգտոնը Պեկինին տեղեկացրել էր տիեզերքում միջուկային զենք տեղադրելու Մոսկվայի ծրագրերի մասին։
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Չինաստանը կապվել է Ռուսաստանի հետ եւ ասել՝ մի՛ արեք դա»,- ասել է Բլինքենը։
Financial Times-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային զենքի որոշակի տեսակներ տրամադրելուց հրաժարվելը բացատրել է ռուս-ուկրաինական պատերազմի սրման վտանգով։
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Կրեմլը բազմիցս է սպառնացել Ուկրաինային եւ Արեւմուտքին միջուկային զենքի հնարավոր կիրառմամբ։
2024 թվականի սկզբին ամերիկյան լրատվամիջոցներում մի քանի հոդվածներ հայտնվեցին այն մասին, որ ռուսական իշխանությունները 2022 թվականի վերջին քննարկել են Ուկրաինային միջուկային հարված հասցնելու տարբերակը։ Այս մասին, մասնավորապես, հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի բարձրաստիճան աղբյուրներին։
Այսպես՝ հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով, երբ արեւմտյան հետախուզական ծառայությունները ստացել են հավանական հարվածի մասին տեղեկությունը, ԱՄՆ-ը կապվել է իր դաշնակիցների հետ, նախազգուշացրել Ռուսաստանի իշխանություններին եւ փորձել դիմել Չինաստանի եւ Հնդկաստանի օգնությանը՝ Մոսկվային հարձակումից հետ պահելու համար: