Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարրոն ուրբաթ չհայտարարված այց կատարեցին Դամասկոս։ Նրանց ընդունել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան (Ալ-Ջուլանին), որի ղեկավարությամբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժումը նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին տապալեց Բաշար ալ-Ասադի վարչակարգը։
Բերբոքը եւ Բարրոն ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի առաջին նախարարներն են, որոնց Դամասկոսում ընդունել է Սիրիայի նոր ղեկավարությունը։ Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նախարարների այցն իրականացվել է «ԵՄ-ի անունից»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը կոչ է արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել Դամասկոսի մերձակայքում գտնվող «Սեդնայա» բանտում կտտանքների ենթարկողներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Բաշար ալ-Ասադի վարչակարգի գործողությունների հետեւանքով այնտեղ սպանվածների կյանքը չի կարող վերադարձվել, սակայն մենք բոլորս՝ որպես միջազգային հանրություն, կարող ենք օգնել արդարության հաստատմանը»,- մեջբերում է dpa գործակալությունը Բերբոքի խոսքերը։
Բարրոն էլ Դամասկոս ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի տեսնել «ինքնիշխան, կայուն եւ խաղաղ» Սիրիա։
Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ Սիրիայի նոր իշխանություններին կոչ է արել փոխհամաձայնության գալ երկրի հյուսիս-արեւելքում վերահսկողություն հաստատած քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ։
«Անհրաժեշտ է քաղաքական լուծումներ գտնել Ֆրանսիայի դաշնակիցների՝ քրդերի հետ, որպեսզի նրանք ամբողջովին ինտեգրվեն այս քաղաքական գործընթացներին, որը սկսվում է այսօր»,- հայտարարել էր Բարրոն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։