Հանրապետական Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ։
Ջոնսոնը Կոնգրեսի ստորին պալատի նախագահն է 2023 թվականի հոկտեմբերից։ Այս անգամ նրա մրցակիցը դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսն էր։ Ընդհանուր առմամբ, ներկա պահին Ներկայացուցիչների պալատում կա 434 տեղ, որոնցից 219-ը զբաղեցնում են հանրապետականները, իսկ 215-ը՝ դեմոկրատները։
Առաջին քվեարկության ժամանակ Ջոնսոնը ստացել է 216, Ջեֆրիսը` 215 ձայն: Հանրապետական թեկնածուին հրաժարվել էին աջակցելուց համակուսակից երեք կոնգրեսականներ։ Սակայն վերաքվեարկության ժամանակ նրանցից երկուսը փոխել էին դիրքորոշումը, ինչի արդյունքում էլ Ջոնսոնը կարողացավ ստանալ նվազագույն տարբերությամբ հաղթելու համար անհրաժեշտ 218 ձայն։
AFP-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցության պահպանողական թեւը դժգոհ է Ջոնսոնից։ Նրան համակուսակիցները մեղադրում են բյուջեի մասին օրինագիծն ընդունելիս դեմոկրատների հետ փոխզիջումների գնալու համար։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում շնորհավորել է Ջոնսոնին վերընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ խոսնակ Մայք Ջոնսոնին Կոնգրեսում աննախադեպ վստահության քվե ստանալու համար: Մայքը հիանալի խոսնակ կլինի, եւ մեր երկիրը կշահի դրանից»,- գրել է Թրամփը:
Ջոնսոնն էլ իր հերթին X-ի էջում գրել է․ «Անհավանական պատիվ է շարունակել ծառայել մեր մեծ երկրին որպես Ներկայացուցիչների պալատի նախագահ։ Այժմ անցնում ենք գործի»։
Վերընտրվելուց հետո ունեցած ելույթում խոսնակը հայտարարել է, որ կաջակցի Թրամփի եւ Իլոն Մասկի առաջարկած կառավարության ծախսերի կրճատմանը։
«Մենք կարող ենք հաղթահարել բարձր գնաճը, եւ դա պետք է անենք։ Մենք թույլ կտանք ամերիկացիներին ազատ շնչել եւ կաջակցենք Թրամփի հարկերի կրճատմանը։ Մենք պատրաստվում ենք արմատապես կրճատել կառավարության գործունեության ծավալն ու ոլորտները եւ պատրաստվում ենք իշխանությունը վերադարձնելու ժողովրդին»,- հայտարարել է Ջոնսոնը։