Փուլային, Փաթեթային, Ընդհանուր պետություն, Մեղրի, Քի Վեսթ, Կազան, Մադրիդ, Նորացված Մադրիդ եւ նմանօրինակ փաստաթղթերի շուրջ օրվա քննարկումները արժեք չունեն, քանի որ դրանց մասին առավելապես խոսում են քաղաքական գործիչներն ու դիվանագետները, որոնք փորձում են արդարացնել իրենց անցյալը կամ հարվածել իրենց ընդդիմախոսներին:
Մի կողմ եմ թողնում, որ նրանք ընտրողաբար են ներկայացնում պատմությունն ու փաստաթղթերը, մանիպուլացնում են շարքային քաղաքացիներին, որոնք այդքան գիտելիք չունեն եւ ոչ էլ ինստիտուցիոնալ հիշողություն՝ միմյանց հետ համեմատելու, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարտվողական» Փուլայինը եւ Վարդան Օսկանյանի «հաղթական» Մադրիդը:
Լավ կլինի նաեւ, որ քարոզիչները կարդան, թե իրենց իսկ նախորդ հարցազրույցներում եւ գրություններում ինչպես են ներկայացրել տվյալ փաստաթուղթը, այլապես զվարճալի հակասություններ են ստեղծվում. այսօր մի բան են պնդում, տասը տարի առաջ բոլորովին այլ բան էին ասում:
Եվ ամենագլխավորը՝ տուն ու տեղը կորցրած արցախցու համար ի՞նչ տարբերություն՝ Փուլային, Քի Վեսթ կամ Մադրիդ:
Ուշացել ենք, պարոնա՛յք, ուշացել ենք… ինչպես հազար անգամ ուշացել ենք մեր պատմության տարբեր ժամանակներում:
Երբ ժամանակին գրում էինք, որ հաղթած ժամանակ պետք էր գնալ ցավալի փոխզիջումների, դուք Քուռ-Արաքսյան միջագետք էիք մտքում պահում եւ ձեր մեջ փոփոլանում: Աղդամը դարձրել էիք Ակնա, իսկ Տիգրանակերտը՝ խորոված ուտելու տեղ, եւ ձեզ թվում էր՝ Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է:
Երբ արդեն փուլայինն էլ անհնար էր, դուք ասում էիք՝ ԼՂԻՄ-ը Լաչինով միացնում ենք Հայաստանին, փոխարենը Ալիեւին մի կտոր հող տալիս Մեղրիից:
Երբ Կազանում այլեւս կարգավիճակ չկար, դուք Մադրիդ էիք երազում ու հանրաքվե փափագում:
Երբ 2016-ի ապրիլյանի պարտությունից հետո վերջին հնարավորությունը կար Արցախը եւ Հայաստանի հետ կապը պահել հայկական, դուք շարունակում էիք բարձրաձայնել ժողովուրդների ինքնորոշման աստվածատուր իրավունքը, իսկ օրվա ընդդիմությունը մեղադրում էր Տեր-Պետրոսյանին, որ Սերժի հետ դավադիր համաձայնության է եկել եւ պաշտպանում է Կազանի պարտվողական փաստաթուղթը:
Երբ Սերժը մեկնել էր Արցախ եւ զգուշացնում էր՝ հարյուր տարի առաջ «Կարս, Կարս» ենք երգել, հիմա էլ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ենք երգելու, ազգի էլիտան կարգավորման երաշխիքներ էր պահանջում… փաստացի Ադրբեջանի կողմից:
Երբ խոսում էինք վերահաս պատերազմի վտանգի մասին, Դուք Վերածննդի հրապարակում մեջներիցդ ճղվում ու «Արցախը Հայաստան եւ վերջ» էիք բոռում:
Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին հնարավոր էր պատերազմը կանգնեցնել, Դուք խորհրդարանի ամբիոնից դուխ էիք տալիս՝ Նիկո՛լ, առաջ, միայն առաջ:
Երբ շաբաթներ անց եւ աղետից հետո հնարավոր էր գոնե Արցախից մի բան պահել, Դուք Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայից էիք խոսում:
Երբ հնարավոր էր ուղիղ խոսել ադրբեջանցու հետ, Դուք մերժում էիք Սոֆիա կամ այլ մայրաքաղաք գնալ, թեկուզ՝ Բաքու:
Ի վերջո համաձայնեցիք Եվլախի տարբերակին:
Ու հետեւաբար ի՜նչ տարբերություն՝ Մադրիդ կամ Եվլախ:
Թողե՛ք այս ժողովուրդը մղկտա իր ցավերի մեջ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։