Տարվա առաջին հարցազրույցով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը բացահայտել է, որ ԼՂ կարգավորման «տարածքների փոխանակման» տարբերակի առաջարկություն արել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը՝ 1999 թվականին Ժնեւում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը: Ըստ երեւույթին, միջնորդների ներկայացրած «Ընդհանուր պետություն» առաջարկությունը Հեյդար Ալիեւի կողմից մերժվելուց հետո դա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ առաջին հանդիպումն էր:
Օսկանյանը, այսպիսով, ցրում է տասնամյակներ շարունակ Հայաստանում իշխող տպավորությունը, որ «տարածքների փոխանակման» տարբերակը «ներկայացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հեյդար Ալիեւը նախապես ընդունել է այն, բայց Քիուեսթում հրաժարվել փաստաթուղթը ստորագրելուց»:
Ինչո՞ւ 1 Հեյդար Ալիեւը տապալել Քիուեսթի հանդիպումը, որի բացմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Փաուելը եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Տրուբնիկովը, արդյոք դա Ադրբեջանի նախագահի անձնական «սխրա՞նքն» էր, թե՞ համանախագահ երկրներից մեկի ցանկությունը կամ պայմանավորված էր Իրանի դիրքորոշմամբ, կամ Հեյդար Ալիեւն իրոք զգուշացել էր ներքաղաքական «պայթյունի վտանգից»՝ կարելի է տարբեր ենթադրություններ անել: Դրանից պատմական դարձած իրողությունը չի փոխվում. բանակցային գործընթացի մի փուլում Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկել են «տարածքների» կամ «սուվերեն միջանցքների փոխանակման» տարբերակը, եւ այն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը:
Վարդան Օսկանյանն ինչո՞ւ է հրապարակայնացրել այդ փաստը, որին, իհարկե, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում որոշակի շրջանակներ տեղյակ էին, բայց այսքան տարի լռում էին: Օսկանյանը, կարծես, իր վրա է վերցրել Ռոբերտ Քոչարյանի անունից Նիկոլ Փաշինյանի հետ «հեռավար բանավեճի» պատասխանատվությունը: Նա ասել է, որ Քոչարյանից հանձնարարություն է ստացել՝ հիմք ընդունել Հեյդար Ալիեւի առաջարկը, բայց բանակցել այնպես, որ առանց Հայաստանի մեկ մետր տարածքից հրաժարվելու «Արցախը եւ Լաչինը դարձնենք Հայաստանի մաս»:
Նախկին արտգործնախարարը, երեւի, ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի այդ փուլը համարել է հայկական դիվանագիտության «տրիումֆ», փորձել հանրությանը ներշնչել, որ երկրորդ նախագահի իշխանության շրջանում Հայաստանը բանակցել է ոչ թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու, այլ Արցախը եւ Լաչինը Հայաստանի մաս դարձնելու դիվանագիտական կոնցեպտով: Ընդ որում՝ նա ասում է, որ երբ Քոչարյանն իրեն եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին Հեյդար Ալիեւի առաջարկի մասին ասել է, իրենք տեղում եզրակացության են եկել, որ «Ալիեւը պատրաստ է հրաժարվելու Արցախից»:
Հասկացվում է, որ նա հանրային տպավորություն է ստեղծում, որ Հեյդար Ալիեւը «հայտնվել էր մի այնպիսի իրավիճակում, որ ինքն էր առաջարկում Արցախը եւ Լաչինի շրջանը ճանաչել Հայաստանի մաս, իսկ Մեղրիի հանձնման հարցը կարգավորելի էր, օրինակ, էստակադա կառուցելու ձեւով»: Օսկանյանը, իհարկե, չի պատասխանում հարցին, ավելի ճիշտ՝ նրան սկզբունքորեն չեն հարցնում, թե Հեյդար Ալիեւն ինչու իր առաջարկությունը Ռոբերտ Քոչարյանին ներկայացնելուց երկու տարի հետո Քիուեսթում հրաժարվեց համապատասխան փաստաթուղթը ստորագրելուց: Նախկին արտգործնախարարը չի ասում, բայց վստահելի աղբյուրներից հայտնի է, որ «տարածքների փոխանակման» գաղափարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ որպես իրենց միջեւ «արդեն իսկ սկզբունքորեն համաձայնեցված տարբերակ»:
Օսկանյանի բացահայտումից բխում է շատ էական հարց. Քիուեսթի հանդիպման ձախողումից հետո «տարածքների» կամ «սուվերեն միջանցքների փոխանակման» գաղափարը բանակցությունների օրակարգից վերջնականապես դո՞ւրս է մնացել, թե՞ «մոդիֆիկացված տարբերակներով» քննարկվել է: Կա, օրինակ, վստահելի տեղեկություն, որ Քիուեսթում քննարկվել է նաեւ Շուշի-Ֆիզուլի «սուվերեն ադրբեջանական միջանցք» բացելու տարբերակը: Հետաքրքիր է, երբ Քիուեսթից տասը տարի անց Հայաստանը եւ Ադրբեջանը Կազանում դարձյալ «շատ մոտ էին» համաձայնագրի կնքմանը, բայց Իլհամ Ալիեւը «շուրջ տասը նոր առաջարկություն» դրեց սեղանին, դրանցից մեկը Շուշի-Ֆիզուլի «միջանցքի» մասին չէ՞ր:
Թե չէ քիուեսթյան «մանտրան» կարելի է համեմել նաեւ ստեփականակերտյան հարցադրումով. «Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մա՞րզ է միավորվում Հայաստանին, թե՞ Եղեգնաձորի կարգավիճակով»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։