Հունվարի 1-ի գիշերը Հունաստանի ոստիկանությունը թմրանյութի իրացման կասկածանքով ձերբակալել է մի խումբ անձանց, որ ամանորյա խրախճանք էին անցկացնում առողջարանային Կալիվիա քաղաքի էլիտար թաղամասում գտնվող մի վիլլայում: Ըստ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրների՝ «երեկոյի» կազմակերպիչը Լոնդոնում բնակվող Իզեթխանում Ջավադովան է:
Երկու օր անց Կալիվիայի քաղաքական դատարանը Ջավադովայի եւ նրա գիշերային հյուրերից երեք հոգու նկատմամբ կալանքն ընտրել է որպես խափանման միջոց: Հունաստանի իրավապահ մարմինները լուրջ կասկածներ ունեն, որ Ջավադովան, եվրոպական երկրներում «Միքելե» ծածկանվան տակ հանդես գալով որպես դիջեյ-շոումեն, իրականում զբաղվում է կոկաինի իրացմամբ:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրների տեղեկությամբ՝ Իզեթխանում Ջավադովան Ադրբեջանի նախագահի հարազատ հորեղբոր՝ ակադեմիկոս Ջալալ Ալիեւի դուստրն է, իսկ վիլլան, որտեղ նա «թմրանյութային օրգիա է կազմակերպել, իրականում պատկանում է Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամներից մեկին»: