Հունվարի 15-ին Թբիլիսիի Վերաքննիչ դատարանում նշանակված է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի բողոքի դատաքննությունը: Սադիգովը չորրորդ ամիսն է, որ անազատության մեջ է: Նրան Ադրբեջանի դատախազության պահանջով ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում՝ Ստամբուլի չվերթի գրանցումն անցնելու պահին:
Վրաստանի ՆԳՆ Միգրացիոն ծառայությունը մերժել է քաղաքական ապաստանի նրա խնդրանքը, իսկ դատարանը՝ Միգրացիոն ծառայության որոշումը չեղյալ ճանաչելու հայցը: Սադիգովը հայտարարել է անժամկետ հացադուլ: Նա հիմնավորում է, որ Ադրբեջանին արտահանձնվելու դեպքում իր նկատմամբ «հաշվեհարդար կիրականացվի»: Ի պաշտպանություն Սադիգովի՝ Վրաստանի մի շարք ՀԿ-ներ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանին կոչ են արել «անաչառ գտնվել եւ առաջնորդվել մարդու իրավունքների գերակայության սկզբունքով»:
Սադիգովի կինը, որ երկու անչափահաս երեխայի մայր է, քաղաքական ապաստան է խնդրել եվրոպական մի քանի երկրներից եւ սպասում է պատասխանի: Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները Ադրբեջանի իրավապահներին թույլ էին տվել Թբիլիսիի կենտրոնից առեւանգել լրագրող Մուխթարլիին, որը Բաքու է տեղափոխվել ձեռնաշղթաներով եւ դատապարտվել տասներկու տարվա ազատազրկման: