Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողությունների են անցել Կուրսկի շրջանում։ Պատերազմը լուսաբանող, այսպես կոչված, ռուսական Z-բլոգերները հայտնում են Սուջայի հյուսիսից ուկրաինական զրահամեքենաների տեղաշարժի մասին։
Այսպես՝ Ռոման Ալյոխինը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են շարժվել Սուջայից դեպի Բոլշոյե Սոլդատսկոյե գյուղ, որը Կուրսկի ատոմակայանից 35 կմ հեռավորության վրա է՝ մարզկենտրոն տանող մայրուղու մոտ։
«Հարձակման ժամանակ հակառակորդն օգտագործում է ականազերծման տրալեր, տանկեր եւ այլ զրահատեխնիկա։ Հարձակման տարածքը հակառակորդը խիտ ծածկել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, ուստի շատ անօդաչու թռչող սարքեր անօգուտ են։ Հավանաբար կփորձեն առաջ շարժվել նաեւ այլ ուղղություններով»,- գրում է Ալյոխինը։
Ավելի ուշ նա ավելացրել է, որ Բոլշոյե Սոլդատսկոյեի մոտ գտնվող Բերդին գյուղի համար արդեն մարտեր են սկսվել։
Որոշ բլոգերներ էլ պնդում են, որ ուկրաինական բանակն արդեն վերահսկողության տակ է վերցրել Բերդին բնակավայրը եւ առաջ է շարժվում, ոմանք էլ հերքում են այս տեղեկությունը։
Սուջայից դեպի Բոլշոյե Սոլդատսկոյեի ուղղությամբ գրոհի մասին հայտնում է նաեւ WarGonzo տելեգրամյան ալիքի հեղինակ Սեմյոն Պեգովը։
Այս տեղեկությունը հաստատում է նաեւ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։ Նա գրում է, որ ուկրաինացի զինվորականները «իրոք ակտիվ գործողություններ են սկսել Բոլշոյե Սոլդատսկոյեի ուղղությամբ եւ Սուջանսկի շրջանում»։
«Նրանք ճնշում են գործադրում ինչպես Նովոիվանովկայի ուղղությամբ՝ արեւմտյան, այնպես էլ Բարդինի վրա՝ արեւելյան թեեւերից»,-գրում է Կոցը։
Կոցը նաեւ չի բացառում, որ ուկրաինացի զինվորականների հիմնական հարվածը կարող է լինել մեկ այլ ուղղությամբ։
«Ես կկենտրոնանայի Սումի մարզի Շոստկինսկի շրջանից դեպի մեր Ռիլսկի եւ Խոմուտովսկի շրջանների ուղղությամբ հարվածների վրա։ Կամ այնտեղից դեպի Բրյանսկի շրջան»,- գրում է Կոցը։
Նրա հետ համամիտ է նաեւ մեկ այլ Z-բլոգեր Յուրի Պոդոլյական։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի նոր հարձակումը Կուրսկի շրջանում «կարող է լինել ուշադրությունը [ճակատի] այլ հատվածից շեղելու գործողություն»։
«Առայժմ Ուկրաինայի ԶՈՒ-ի հիմնական ուժերը մարտի մեջ չեն մտել»,- պնդում է նա։
ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь» տելեգրամյան ալիքը գրում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ուկրաինական հրամանատարությունը պլաններ է մշակում Զապորոժիեի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի պաշտպանությունը ճեղքելու համար եւ ուսումնասիրում է ռազմաճակատի այդ հատվածի հավանական թույլ կողմերը։
«Операция Z: военкоры русской весны» («Գործողություն Z. ռուսական գարնան ռազմական թղթակիցները») տելեգրամյան ալիքն էլ գրում է, որ ուկրաինացի զինվորականները հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը ականներից մաքրել են Բերդինի մատույցները, եւ այնտեղ այժմ ակտիվ փոխհրաձգություն է ընթանում։ Ռուսական կողմը ի պատասխան ակտիվորեն օգտագործում է մարտական ավիացիան։
Պատերազմը լուսաբանող ռուսական մեկ այլ տելեգրամյան ալիք՝ Alex Parker Returns-ն էլ գրում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման թիրախը Կուրչատով քաղաքի մոտ գտնվող Կուրսկի ատոմակայանն է։
«Նպատակը Սուջայից Կուրչատով ճեղքելն ու ատոմակայանը գրավելն է։ Նրանք նախատեսում են հարձակվել Բոլշոյե Սոլդատսկոյե, ինչպես զգուշացրել են հայտնի ինսայդերները»,- գրում է ալիքը։
«Военный осведомитель» («Ռազմական տեղեկատու») տելեգրամյան ալիքը նշում է, որ ուկրաինական բանակը հարձակվել է ոչ միայն Բոլշոյ Սոլդատսկոյեի ուղղությամբ, այլեւ Սուջայից հյուսիս-արեւելք ընկած Պուշկարնոյե գյուղի ուղղությամբ։
ՌԴ ՊՆ-ն փաստացի հաստատել է Կուրսկի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման մասին տեղեկությունները։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է․ «Մոսկվայի ժամանակով 9:00-ի սահմաններում Կուրսկի ուղղությամբ ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով հակառակորդը երկու տանկի, ինժեներական մաքրող մեքենաների եւ տասներկու զրահամեքենարի ներգրավմամբ գրոհային խմբի հակահարձակման է անցել Բերդինի ագարակի ուղղությամբ»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խումբը ջախջախվել է։
«Հյուսիս» զորքերի խմբի հրետանին եւ ավիացիան ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբին։ Ոչնչացվել են երկու տանկ, ինժեներական մաքրող մեքենա եւ յոթ զրահապատ մեքենա»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչությունը հայտնում է նաեւ, որ կիրակի Կուրսկի շրջանում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։
Կուրսկի ատոմակայանի ղեկավարությունն էլ հայտնում է, որ ատոմակայանը աշխատում է բնականոն ռեժիմով։
Ուկրաինայի գլխավոր շտաբը չի հայտնում իր հարձակողական գործողության մանրամասները։ Մարտական գործողությունների մասին ամենօրյա տեղեկագրում միայն նշվում է, որ հունվարի 5-ին Կուրսկի մարզում ռազմական բախումների թիվը կտրուկ աճել է։
Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հաստատել է, որ ուկրաինական բանակը «անակնկալ հարձակում է» իրականացրել Կուրսկի մարզի ռուսական դիրքերի ուղղությամբ։
«Կուրսկի շրջանում ռուսները խիստ անհանգստացած են, քանի որ մի քանի ուղղություններով հարձակումներ են տեղի ունեցել նրանց դեմ, եւ դա նրանց համար անակնկալ է եղել։ Պաշտպանության ուժերն աշխատում են»,- գրել է Կովալենկոն։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես մեկնաբանել է Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
«Կուրսկի շրջան, լավ լուր, Ռուսաստանը ստանում է այն, ինչին արժանի է»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք՝ ուկրաինական բանակը Կուրսկի մարզում հարձակումը սկսել էր օգոստոսի 6-ին։ Հաջողվել էր ճեղքել ռուսական պաշտպանությունը եւ վերահսկողության տակ վերցնել Սուջա քաղաքը հարակից բնակավայրերով։ Բացի այդ՝ հարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել էր գերեվարել մոտ 700 ռուս զինվորի։
Հարձակողական գործողությունները շարունակվեցին մինչեւ սեպտեմբերի սկիզբը։ Այդ ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ-ի վերահսկողության տակ էր անցել Կուրսկի մարզի մոտ 1,1 հազար քառ. կմ տարածք։
Սեպտեմբերի սկզբից ռուսական բանակը անցավ հակահարձակման։ Դեկտեմբերի սկզբին Կրեմլը, ըստ նախնական տվյալների, այդ գործողություններին ներգրավել է մոտ 11-12 հազար հյուսիսկորեացի զինվորականների։
2025 թվականի հունվարին ռուս զինվորականներին Հյուսիսային Կորեայից տեղափոխված ուժերի հետ միասին հաջողվեց հետ գրավել կորցրած տարածքի մոտավորապես կեսը։ Հունվարին ուկրաինական բանակի վերահսկողության ներքո մնաց մոտ 400 քառ. կմ՝ սեղմվելով Սուջա քաղաքի եւ հարակից տարածքների շուրջը։
Հունվարի 4-ի երեկոյան նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը Սուջայի ծայրամասից 3 կմ հեռավորության վրա գտնվող Մախնովկա գյուղի մոտ ջախջախել է ռուս-հյուսիսկորեական գումարտակը։