Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է 34 պատանդների անունների ցանկը, որոնց պատրաստ է ազատ արձակելու Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը՝ անանունության պայմանով։
Նա նշել է, որ ցանկացած գործարք պայմանավորված կլինի Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության ձեռքբերմամբ, ինչպես նաեւ մշտական, այլ ոչ թե ժամանակավոր զինադադարով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ավելի ուշ հայտարարեց, որ խմբավորումից պատանդների նման ցանկ չի ստացել։
Reuters-ը պնդում է, որ ունի ցանկի պատճենը, սակայն չի հայտնի դրանում ներառված անձնաց անունները:
Ըստ The Times of Israel-ի՝ երեք մասից բաղկացած գործարքի առաջին փուլում կարող է ազատ արձակվել 23 կին, ինչպես նաեւ 50 տարեկանից ցածր 11 տղամարդ, որոնք, ենթադրաբար, ծանր վիճակում են:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին օրերին հրադադարի շուրջ Կատարում բազմակողմ բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ։ Ենթադրվում է, որ կողմերը ցանկանում են համաձայնագիր կնքել մինչեւ հունվարի 20-ը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը։
2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի բռնկումից հետո պաղեստինցիները պատանդ են վերցրել ավելի քան 250 մարդու։ Նրանցից 100-ը դեռ շարունակում են պատանդ մնալ Գազայում։ Ենթադրվում է, որ նրանց մեկ երրորդը մահացած է: