Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտերկրում Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպմանը իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը փոխել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղում պաշտպանել Ադրբեջանին: «Ռուսաստանը, հանկարծակի փոխելով իր արտաքին քաղաքականությունը, պաշտպանել է Ադրբեջանին, քանի որ Հայաստանում առաջին անգամ ուժեղ վարչապետ կա, որ չի ենթարկվել»,- ասել է Մակրոնը: Այդ մասին հաղորդում է Բաքվի «Թուրան» գործակալությունը:
Մակրոնը նաեւ Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների գործերին միջամտելու, առաջին հերթին Նոր Կալեդոնիայում անկարգություններ կազմակերպելու համար: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այդ մեղադրանքը որակել է «անհիմն եւ սադրիչ»:
Դիտարժան է, որ նույն օրը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի դատավարությունը: Նա ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին եւ մեղադրվում է Ադրբեջանի դեմ «լրտեսության» համար: