Ադրբեջանական AbzasMedia առցանց հեռուստաընկերության կալանավորված լրագրող Էլնարա Գասիմովան մեկուսարանից նամակ է հղել սոցիալական մեդիային եւ բողոքել, որ հսկիչները հատկապես կին կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում՝ հաճախ ենթարկելով հոգեբանական, երբեմն էլ՝ նույնիսկ ֆիզիկական բռնությունների:
Գասիմովան գրել է, որ մեկուսարանում մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարցի հսկիչները տալիս են մեկ պատասխան. «Իսկ երբ պետության դեմ հանցանք էիր գործում, այստեղ հայտնվելու վտանգի մասին չէի՞ր մտածում»: Գասիմովան Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել է այդ իրողության վրա եւ ահազանգել, որ երկրում «օրինականությունն այնքան անտեսված եւ ոտնահարված է, որ անգամ մեկուսարանի պահնորդն է անձանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնում»:
Էլնարա Գասիմովայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: Նա եւ գործընկերները մեղադրվում են «օտարերկրյա արժույթի մաքսանենգության» համար: