Տիբեթի բարձրլեռնային շրջաններից մեկում ուժեղ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, հայտնում են չինական լրատվամիջոցները։ Ցնցումների հետեւանքով փլուզվել են բազմաթիվ շենքեր։
«Երեքշաբթի կեսօրին 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Սիցզանի ինքնավար շրջանի Շիգացե քաղաքի Տինգրի շրջանում, որի հետեւանքով զոհվել է 53 մարդ, եւս 62-ը վիրավորվել են»,- այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային աղետների կառավարման շտաբի տարածած տեղեկությունը:
Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի կենտրոնն էլ (CENC) հայտնել է, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան 9-ին Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանի մոտ։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGC) հաղորդում է 7,1 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը գրանցվել է Շիգացե քաղաքից 177 կմ հարավ-արեւմուտք: Ցնցումները զգացվել են նաեւ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում։
Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղական իշխանությունները ուսումնասիրում են շրջանի բնակեցված տարածքները, որպեսզի գնահատեն երկրաշարժի հետեւանքները։
Օդերեւութաբանական կենտրոնների տվյալներով Տինգրիում ջերմաստիճանը -8 աստիճան Ցելսիուսի սահմաններում է, իսկ երեքշաբթի երեկոյան այն նվազել է՝ հասնելով մինչեւ -18-ի:
Բարձրլեռնային այս շրջաններում ապրում է մոտ 62 հազար մարդ։ Այս վայրերում երկրաշարժեր հաճախակի են լինում, սակայն այսօրվա ցնցումները ամենահզորն են վերջին հինգ տարվա ընթացքում, հայտնում է CENC-ը: