ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է ծրագրված այցը Կիեւ եւ եվրոպական այլ մայրաքաղաքներ մինչեւ հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով չորս իրազեկ աղբյուրները։
Գործակալությունը դեկտեմբերին հայտնել էր, որ պատերազմի ավարտին ուղղված ջանքերի շրջանակում պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը պլանավորում էր հունվարի սկզբին մեկնել Կիեւ եւ հանդիպել Ուկրաինայի ղեկավարների հետ:
Նրա թիմը նաեւ աշխատանքներ է տարել Հռոմ եւ Փարիզ այցեր կազմակերպելու համար, որտեղ Քելլոգը ծրագրել էր հանդիպումներ ունենալ եվրոպացի առաջնորդների հետ:
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Քելլոգը Ուկրաինա կմեկնի Թրամփի երդմնակալությունից հետո, թեեւ ուղեւորության ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Անհայտ են նաեւ ներկա փուլում այցերը հետաձգելու պատճառները։
Ո՛չ Քելլոգը, ո՛չ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը չեն արձագանքել մեկնաբանություններին, գրում է գործակալությունը։