ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիային եւ հայտարարել, որ կղզու բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց:
«Գրենլանդիան անհավանական վայր է, եւ այնտեղի բնակիչները մեծապես կշահեն, եթե կամ երբեւէ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպահպանենք եւ կպաշտպանենք նրան արտաքին չար աշխարհից»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Թրամփը նաեւ հավելել է, որ իր որդին «կուղեւորվի [Գրենլանդիա]՝ այցելելու այնտեղի գեղեցիկ եւ տեսարժան վայրերը»։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա վերջին ԱՄՆ ընտրված նախագահը կրկին սոցցանցում հրապարակած գրառումներում պնդել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն ունենալ Գրենլանդիայի նկատմամբ: Սրան ի պատասխան Գրենլանդիայի վարչապետ Մտյու Էգդեն հայտարարել էր, որ կղզին չի վաճառվում։
Նշենք նաեւ, որ Էգդեն իր այս տարվա ամանորյա ուղերձում հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է անկախության ձգտի Դանիայից։
«Պատմությունն ու ներկա պայմանները ցույց են տվել, որ Դանիայի հետ մեր համագործակցությունը չի հանգեցրել լիակատար հավասարության ստեղծմանը։ Ժամանակն է, որ մենք առաջ շարժվենք եւ ինքներս կառուցենք ապագան, այդ թվում՝ այն հարցում, թե ում հետ սերտորեն աշխատենք, եւ ովքեր պետք է լինեն մեր առեւտրային գործընկերները»,- ասել էր Գրենլանդիայի վարչապետը, որի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։
Նա հավելել է, որ անկախության մասին որոշումը պետք է ընդունի Գրենլանդիայի ժողովուրդը, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ դրա համար անհրաժեշտ հանրաքվեն։
Ինչպես նշում է Reuters-ը, նման հայտարարությունները զգալի փոփոխություն էին արկտիկական կղզու ապագայի վերաբերյալ հռետորաբանության մեջ։
Գրենլանդիան Դանիայի գաղութ էր համարվում մինչեւ 1953 թվականը։ Այն այժմ Դանիայի ինքնակառավարվող տարածք է եւ 2009 թվականին քվեարկության միջոցով անկախություն հռչակելու իրավունք է ստացել։ Իսկ 2023 թվականին Գրենլանդիայի կառավարությունը ներկայացրեց Սահմանադրության առաջին նախագիծը։