Ֆրանսիայում վերապատրաստում անցնելիս Ուկրաինայի զինված ուժերի մի քանի տասնյակ զինվորականներ դիմել են դասալքության։ Այդ մասին հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով ֆրանսիական բանակի ներկայացուցչին։
Զինվորականի խոսքով՝ ուկրաինացիների մեջ եղել են «որոշակի թվով դասալիքներ, բայց դա մնում է ծայրահեղ աննշան՝ հաշվի առնելով այն մարդկանց թիվը, որոնք անցել են լիարժեք վերապատրաստումը»։
«Նրանք մնացել են ֆրանսիական զորանոցներում եւ հեռանալու իրավունք են ունեցել»,- նշել է զինվորականը։
Լրագրողների զրուցակիցը պարզաբանել է, որ Ֆրանսիայում վերապատրաստված Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները ենթարկվել են «ուկրաինական հրամանատարության կողմից սահմանված» կարգապահական ռեժիմին, միեւնույն ժամանակ հավելել է, որ դասալքությունը Ֆրանսիայում քրեական հանցագործություն չէ։
«Եթե ինչ-որ մեկը դիմել էր դասալքության, ապա ֆրանսիացի դատախազը իրավունք չուներ ձերբակալելու այդ անձին։ Իսկ Ֆրանսիայի տարածքում Ուկրաինայի իշխանություններին տրված իրավունքը պարզապես կարգապահական իրավունք է»,- ասել է աղբյուրը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Աննա Կիեւսկայայի անվան 155-րդ մեքենայացված բրիգադից Ֆրանսիայում վերապատրաստում անցել են շուրջ 2300 զինվորներ, որոնք այժմ ներգրավված են Դոնբասի Պոկրովսկի ուղղությամբ ընթացող պաշտպանական մարտերում։
Զինվորների մեծ մասը ժամկետային զինծառայողներ էին, որոնք մարտական փորձ չունեին։ Նրանց ուղեկցել են 300 ուկրաինացի կուրատորներ։ Բրիգադի մյուս 2200 զինվորները վերապատրաստվել են Ուկրաինայի տարածքում։
Դեկտեմբերի վերջին ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը հայտարարեց, որ Ուկրաինայի հետախուզության պետական բյուրոն սկսել է ստուգել Ուկրաինայի ԶՈՒ-ի 155-րդ մեքենայացված բրիգադում դասալքության դեպքերը։ Նրա խոսքերով՝ բրիգադը լքել է 1700 զինվոր՝ առանց մարտում ներգրավվելու, եւս 50-ը փախել են Ֆրանսիայում վարժանքների ժամանակ։
Ըստ Financial Times-ի՝ 2024 թվականին ուկրաինացի դատախազները 60 հազար քրեական գործ են հարուցել զինվորականների դեմ՝ դիրքերն ու զորամասերը չարտոնված լքելու համար, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան 2022 եւ 2023 թվականներին միասին հարուցված նման գործերը։