Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը անցյալ տարվա վերջին կարգադրել էր փոխել երկրի պետական խորհրդանիշերից մեկը՝ թագավորական զինանշանը։ Զինանշանի նոր տարբերակում, որը հայտնվել է թագավորական կայքում, ավելի մեծ ուշադրություն է դարձվել Դանիայի թագավորության ինքնավար շրջանների՝ Ֆարերյան կղզիների եւ Գրենլանդիայի խորհրդանիշերին։
The Guardian-ը նշում է, որ զինանշանի փոփոխությունը տեղի է ունեցել Գրենլանդիայի եւ Դանիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության աճի ֆոնին։ Նման իրադրությանը նպաստել են մասնավորապես ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու ցանկության եւ կղզու նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության անհրաժեշտության մասին հայտարարությունները։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ փոփոխությունները կատարվել են դեկտեմբերի 20-ի հրամանագրով՝ պայմանավորված ժամանակակից զինանշան ստեղծելու թագավորական մտադրությամբ, որը կարտացոլի ե՛ւ Դանիայի Միացյալ Թագավորության համագործակցությունը, ե՛ւ պատմությունը, ե՛ւ հերալդիկ ավանդույթները։
Նախորդ տարբերակում, որն ընդունվել էր 1972 թվականին, Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների խորհրդանիշերը տեղադրվել էին զինանշանի չորս դաշտերից մեկում։ Այժմ դրանք ավելի մեծ են եւ բաժանվում են առանձին դաշտերի։ Մյուս երկու դաշետրն էլ զբաղեցնում են հենց Դանիայի եւ հարավային Յուտլանդիայի շրջանի զինանշանները (երկու դեպքում էլ դրանք կապույտ առյուծներ են)։
Զինանշանից հանվել են նաեւ երեք թագերը, որոնք Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների խորհրդանիշերի դաշտում էին։ Դրանք խորհրդանշում էին Դանիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի Կալմարյան միությունը, որը գոյություն է ունեցել 1397-1523 թվականներին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս խորհրդանիշը հեռացվել է, քանի որ դրա պահպանումը կորցրել էր իր ակտուալությունը։
Թագավորական նոր զինանշանը կազմվել է 2024 թվականի հունվարին թագավորական գահը ստանձնելուց անմիջապես հետո Ֆրիդրիխ X-ի հրամանով կազմված հանձնաժողովի առաջարկության հիման վրա։