Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին զգուշացրել է Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դեմ ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսելու հնարավորության մասին։
«Տարածաշրջանի ապագայում ահաբեկչության տեղ չկա։ Միակ ճակատագիրը, որ սպասում է նրանց, ովքեր իրենց ընտրությունը կատարում են հօգուտ ահաբեկչության եւ բռնության, զենքի հետ միասին հողի մեջ թաղվելն է։ Ոչ մի ուժ չի կարող մեզ խանգարել դա անելու»,- հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին հղած տեսաուղերձում։
Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումներ ասելով՝ Թուրքիայի նախագահը նկատի ունի ոչ միայն «Իսլամական պետություն» կազմավորումը, այլ նաեւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK, որը Անկարայի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն) եւ դրա սիրիական ճյուղ համարվող «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (YPG):
«Թուրքիան պաշտպանության հարցում բազմիցս է դրսեւորել իր անզիջում կամքը։ Եթե բանը հասնի դրան, մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ [անդրսահմանային գործողություն իրականացնելու]»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում PKK-ի ուժերի վերացումը միայն ժամանակի հարց է։
Թուրքիայի եւ PKK-ի միջեւ հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։ Թուրքական իշխանությունները PKK-ն համարում են ազգային անվտանգության սպառնալիք եւ պարբերաբար հարձակումներ են իրականացնում երկրում նրա կողմնակիցների դեմ, ինչպես նաեւ գործողություններ իրականացնում Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում հարեւան երկրներում իրականացված գործողությունների հետեւանքով սպանվել է ավելի քան 3 հազար քուրդ զինյալ։