Վրաստանի իշխանությունները, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ են դնում ընդդիմությունը, հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վրաց հանրության մի մասը, մեկնաբանել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ նախօրեին Թբիլիսիի մասին հնչեցրած հայտարարությունը։
Նշենք, որ Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովի ժամանակ Մակրոնը խոսել էր Վրաստանի ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության մասին։
«Վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է իր ագրեսիան եվրոպացիների եւ այլ երկրների նկատմամբ»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արմատապես փոխել եւ խստացրել է իր վարքագիծը միջուկային դոկտրինում, ինչպես նաեւ շատ ավելի ագրեսիվ է դարձել իր հարեւանների նկատմամբ։ Հենց այս համատեքստում նա մատնանշել էր Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան։
«Մենք դա տեսանք Հայաստանում, որտեղ Ռուսաստանը հանկարծ դարձավ Ադրբեջանի դաշնակիցը, քանի որ Հայաստանում առաջին անգամ ուժեղ վարչապետ կա, որ չի ենթարկվել։ Նման բան տեսանք նաեւ Վրաստանում ընտրական գործընթացի ապակայունացման, քվեաթերթիկների լցոնման միջոցով։ Նույնը փորձեցին անել Մոլդովայում, բայց չստացվեց»,- հայտարարել էր Մակրոնը։
Այս հայտարարություններին ի պատասխան Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է․ «Ճիշտ կլինի, որ Ֆրանսիայի նախագահը հոգ տանի Ուկրաինայի համար, որին դատապարտել են կործանման։ Ես խոսում եմ այն մասին, թե որն է իրական խնդիրը։ Ես չեմ կարող մեկնաբանել սուտը։ Ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որը բոլորի առջեւ ծառացած է. դա ավերված Ուկրաինան է»։
Վրաստանի վարչապետը նաեւ հավելել է, որ «եթե Ռուսաստանը ինչ-որ տեղ միջամտում է, երբ խոսքը վերաբերում է հարեւան երկրներին, ապա միջամտում է Ուկրաինայում», հետեւաբար ավելի լավ կլիներ, որ «բոլորը կենտրոնանային Ուկրաինայի վրա, որին դատապարտել են ոչնչացման»։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին, որը ներկա էր Ֆրանսիայի նախագահի ելույթին, X սոցիալական ցանցում գրել է. «Էմանուել Մակրոնը, մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն համարելով ժողովրդավարության եւ ազատության համար պայքարողներին աջակցությունը, բարձր է գնահատել Վրաստանում ցուցարարների եւ Սալոմե Զուրաբիշվիլիի խիզախությունը եւ ընդգծել, որ նոր ընտրությունները կարող են ելք լինել քաղաքական ճգնաժամից»։
Ի պատասխան դիվանագետի գրառման Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ հայտարարել է, թե նոր ընտրությունները կարող են լավ ելք լինել Ֆրանսիայում հասունացած քաղաքական ճգնաժամից՝ հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը կողմ է նախագահ Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը՝ Ազգային ժողովի լուծարմանը։