Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգ է տվել Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, որին որպես պետություն այն չի կարող դիմակայել։
«Գիտեք նրանց այնտեղ ճնշում են։ Ահա մեզ էլ է պետք ներքաշել այս պատերազմում։ Ինչո՞ւ է Վոլոդյա Զելենսկին իրեն այդպես պահում։ Մենք լավ էինք նրա հետ, լավ հարաբերությունների մեջ: Իմ փոքր ընտանիքը նույնպես։ Ի՞նչ է գոռգոռում, ի՞նչը իրեն չի հերիքում։ Նրան հրաման են տալիս։ Պետք է ամեն ինչ անել երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար»,- ասել է Լուկաշենկոն Սուրբ Ծննդի օրը Լոգոյսկի Սուրբ Նիկոլաս Հրաշագործ եկեղեցի այցելելուց հետո։ Նրա խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։
«Եթե մեզ ներքաշեն պատերազմի մեջ, սա բարդ իրավիճակ կլինի, գուցե որպես պետություն մենք չկարողանանք դիմակայել։ Ուստի ես ամեն ինչ անում եմ համբերատար եւ համառ, ինչպես Տերն ու եկեղեցին են սովորեցնում մեզ։ Անում ենք մեր գործը։ Ժամանակն ամեն ինչ կկարգավորի։ Ժամանակը ամեն ինչին գնահատական կտա։ Բայց մենք պետք է ամուր կանգնենք»,- ասել է Լուկաշենկոն եւ հավելել, որ «ավելի լավ է Բելառուսի նման դիկտատուրա, քան Ուկրաինայի նման ժողովրդավարություն»։
Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույց էր ունեցել, որի ընթացքում վերջինս ներողություն էր խնդրել Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակումների համար եւ ի պատասխան նույնիսկ առաջարկել հարվածել «Մոզիր» նավթավերամշակման գործարանին։