Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մասնավոր բանակցություններ են վարում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ՀԱՄԱՍ-ի դեմ իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո Գազայի հատվածի հետագա կառավարման շուրջ։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, բանակցություններում, մասնավորապես, առաջարկներ են արվում Գազայում միջազգային վերահսկողության ներքո ժամանակավոր վարչակազմ ստեղծելու մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ ԱՄԷ-ի մասնակցությամբ։ Այդ նոր վարչակազմը կարող է կառավարել հատվածը այնքան ժամանակ, քանի դեռ բարեփոխված Պաղեստինի ղեկավարությունը այնտեղ չի կարողանա ստեղծել սեփական ուժային կառույցները:
Գազան այժմ մասամբ իսրայելական զինվորականների, մասամբ դեռ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ, որն այդ տարածքը ղեկավարում է 2007 թվականից՝ սկզբում հաղթելով այնտեղ անցկացված ընտրություններում, իսկ հետո ճնշելով իր հակառակորդներին, այդ թվում՝ Պաղեստինի վարչակազմին:
Իսրայելի գործողությունը Գազայում շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման։ Գազայի բազմաթիվ բնակավայրեր ավերվել են, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվել կամ վիրավորվել են։
Ըստ Reuters-ի՝ ժամանակավոր վարչակազմը կարող է գլխավորել Գազայի վերականգնման եւ անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքները: Դրա ստեղծման պայմաններն են ե՛ւ իսրայելական զորքերի դուրսբերումը, ե՛ւ ՀԱՄԱՍ-ին այդ հատվածի իշխանությունից զրկելը։
Իսրայելը, ինչպես նշվում է, դեռևս չունի հստակ ռազմավարություն պատերազմից հետո Գազայի ապագայի վերաբերյալ, սակայն պնդում է, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չպետք է կառավարի գոտին։
ԱՄԷ-ն այն սակավաթիվ արաբական երկրներից մեկն է, որը դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, պաշտոնապես հանդես է գալիս անկախ Պաղեստին պետության ստեղծման օգտին, որը կներառի Արեւմտյան ափը, Գազան եւ Արեւելյան Երուսաղեմը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Վաշինգտոնը մի շարք գործընկերների հետ մասնակցում է Գազայի ապագայի վերաբերյալ քննարկումներին՝ առանց մանրամասների։
Կատարի, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները շարունակվում են Գազայում հրադադարի հաստատման եւ ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդների ազատ արձակման շուրջ։