Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ փաստացի սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։ Այսպիսի հայտարարություն նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Անկախ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական պետություն է։ Քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով»,- հայտարարել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հանդեպ Հայաստանից բխող «ֆաշիստական սպառնալիքները» չեն վերացել։
«Կա՛մ այն կվերացնի Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չունենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը նաեւ հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կառավարում էր «Սորոսական ոճով», որի ավարտը արդեն եկել է, ուստի Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի սա։
«Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Մերձավոր Արեւելքում իրենց մերձավոր դաշնակցի՝ [Սիրիայի նախկին նախագահ Բաշար] Ասադի դիկտատուրան արդեն նետվել է պատմության աղբանոցը, եւ դա շարունակվելու է, ուստի թող ճիշտ քայլեր կատարեն»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Հաջորդիվ նա վստահեցրել է, որ Հայաստանի համար Ադրբեջանը սպառնալիքի աղբյուր չէ եւ որ Հարավային Կովկասում միայն խաղաղության ու համագործակցության է ձգտում։
«Թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ գործեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Զանգեզուրի միջանցքը պետք է եւ կբացվի։ Որքան շուտ նրանք սա հասկանան, այնքան լավ իրենց համար»,- նշել է Ադրբեջանի նախագահը։