Սիրիայի թեմայով քննարկումների ժամանակ հաճախ է խոսվում այն մասին, որ պաշտոնական Երեւանը պետք է օր առաջ կապ հաստատի Սիրիայի նոր իշխանության հետ: Ինչպես հայտնի է, Սիրիայում տապալվել է Ասադների երկարամյա իշխանությունը, եւ երկիրն այսօր փաստացի ղեկավարում է իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը:
Նրանց հետ, ըստ տարբեր քննարկումների, Հայաստանից երկխոսություն պետք է սկսել բարձրագույն մակարդակով, եւ պարզ է, որ խոսքը միջպետական հարաբերությունների մասին չէ. Հայաստանը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ է դեռեւս 1992 թվականից: Խոսքն այստեղ այն մեծ ու կարեւոր կապիտալի մասին է, որ կոչվում է «սիրիահայություն»:
Այդ կապիտալը (բառի բուն եւ փոխաբերական իմաստներով) կարիք ունի Սփյուռքի նյութաբարոյական ու, մանավանդ, Հայաստան պետության աջակցությանը։
Տարիներ առաջ պաշտոնական Երեւանը մի կողմ դրեց Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության օրինականության (մանավանդ հավաքական Արեւմուտքի աչքին) հարցն ու Հալեպ ուղարկեց մարդասիրական առաքելություն իրականացնող խաղաղապահների խումբ։ Այդ օրերին Հալեպի հայկական համայնքը հատկապես եւ ամբողջ սիրիահայությունը հպարտություն եւ ապահովություն զգացին:
Արեւմուտքը, որ այս քայլի պատճառով կարող էր խեթ հայացքով նայել Հայաստանին, չարեց դա, այլ նրբություն դրսեւորելով (նկատի առնելով նաեւ Սիրիայում ապրող հազարավոր հայերի գոյությունն ու նրանց, իբրեւ համայնք, առանձնահատկությունը)՝ «անտեսեց» Հայաստանից Սիրիա ուղարկված խմբի գոյությունը, որը բժշկական եւ ականազերծման առաքելություն էր իրականացնում ամբողջ Սիրիայի համար:
Փաշինյանի կառավարությունը կրկնեց նախորդ իշխանության այդ քայլը՝ շարունակելով մարդասիրական խմբեր ուղարկել Սիրիա՝ ինչ-որ տեղ նաեւ գոհացում տալու Մոսկվային եւ ցույց տալու, որ Հայաստանը պատրաստակամ է լինելու այն թեժ կետերում, որտեղ ռուսաստանյան շահեր կան: Մյուս կողմից՝ այս քայլն արժեւորվեց նաեւ հայկական ընդհանրական շահերի տեսակետից: Հայաստանի իշխանությունները վստահ էին, որ այս քայլը նաեւ համայնքի համար է արվում, որը փառավոր անցյալ է ունեցել այդ երկրում եւ միշտ գործոն է տարածաշրջանում:
Մինչ այդ հազարավոր սիրիահայեր եկել հասել էին Հայաստան, ինչ-որ տեղ նաեւ հայրենիքում գտել իրենց ապահովությունը եւ դրական երանգ հաղորդել հայաստանյան իրականությանը: Սիրիահայությունը Հայաստանում եղել է նախկին իշխանության (Սփյուռքի նախարարության միջոցով) ուշադրության ներքո, եւ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ շարունակվել է այդ ուշադրությունը նախ ՀՀ սփյուռքի նախարարության, իսկ այսօր արդեն ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով: Ավելին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերթաբար այցելել են Սիրիա (Հալեպ), տեղում ծանոթացել մայր գաղութի խնդիրներին եւ դժվարություններին։
Սիրիահայությունը հայրենի իշխանությունների կողմից կարեւոր մի հանգրվան ունեցավ նաեւ Թուրքիայի եւ Սիրիայի՝ 2023-ի երկրաշարժից հետո, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիա կատարած այցից հետո մեկնեց Դամասկոս, իսկ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահ Հայկակ Արշամյանը պատվիրակությամբ ժամանեց Հալեպ եւ օժանդակություն փոխանցեց երկրաշարժից տուժած մի խումբ կարիքավորների: Սրանք նաեւ Հայաստան-Սիրիա (դեռեւս Խորհրդային Միության ժամանակներից սկիզբ առած) երկարամյա հարաբերությունների եւ բարեկամական կապերի շարունակական շղթայի օղակներն են:
Հայաստանը վերջին տարիներին հիմնականում սահմանափակվել է նման կապերով՝ չի խառնվել Սիրիայի քաղաքական հարցերին, չի քննադատել Ասադին (ինչպես դա անում էին շատ երկրներ՝ բազում մեղքեր վերագրելով այդ ընտանիքին եւ նրան սերտաճած իշխանություններին) եւ մի չգրված օրենքով հարգանք է ցուցաբերել սիրիացի ժողովրդի որոշումների հանդեպ։
Այսօր եւս պետք է գիտակցել եւ հասկանալ, որ ի՛նչ տեսակի իշխանություններ էլ լինեն Սիրիայի ղեկին, Հայաստանը դարձյալ պետք է մտածի միայն ու միայն հայ-սիրիական բարեկամության մասին՝ միշտ նկատի ունենալով այնտեղ ապրող հայության գործոնը:
Հայաստանի կողմից Սիրիայի հանդեպ ցուցաբերված յուրաքանչյուր հետաքրքրություն, աջակցություն, արձակված որեւէ խելամիտ քաղաքական խոսք կամ դիվանագիտական որեւէ քայլ մեծ հաշվով ներդրում է այդ պատմական կապերում եւ նաեւ՝ տարածաշրջանային՝ նոր ձեւավորվող իրավիճակում:
Սիրիայում քաղաքական իրավիճակը կտրո՛ւկ է շրջադարձ կատարել. եթե մոտիկ անցյալում այնտեղ խաղացողները Ասադներն ու «Բաաս» կուսակցությունն էին՝ Իրանի, Լիբանանի «Հեզբոլլահ»-ի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, ապա այսօր այնտեղ Թուրքիա՛ն է գլխավոր խաղացողը: Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստի ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլեւ նախ սիրիահայությունը:
Համայնքը պետք է կտրուկ փոխի իր մտածողության տրամագիծը, հայդատական պահանջատիրության կոչեր չհղի Հայաստանին (ինչպես անցյալում)՝ չվնասելով ոչ միայն իրեն, այլեւ Երեւան-Անկարա հարաբերությունների՝ նոր-նոր սկսվող գործընթացը: Եվ Երեւան-Անկարա հարաբերությունների մեծ շրջագծում Հայաստանի իշխանությունները պետք է Հալեպը, Սիրիան եւ Սիրիայի նոր իշխանությունները դարձնեն երկխոսության նոր պատուհան (գուցեւ՝ առանց մեծ ակնկալիքների)՝ միշտ նկատի առնելով սիրիահայության շահերն ու անվտանգությունը։
Հնարավորի արվեստն է քաղաքականությունը: Այսօր, առավել քան երբեւէ, Մերձավոր Արեւելքի հայության ներուժը կարեւոր գործոն է՝ խոսելու արաբների լեզվով, գործելու նրանց հետ եւ մոտեցնելու Հայաստանն իր բնական եւ օրգանիկ ավազանին: Առավել քան տեսանելի է, որ Սիրիայում ընթացք առած փոփոխություններն իրենց ազդեցությունը պիտի ունենան Լիբանանի, Արաբական Ծոցի երկրների, արաբ-իսրայելյան հակամարտության եւ ընդհանրապես՝ տարածաշրջանային շատ հարցերի վրա: Իսկ Հայաստանը, իբրեւ այս տարածաշրջանի մեկ մասը, պարտավոր է խոսել ու գործել:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։