Բաքվի «Արեւմտյան Ադրբեջանի» նարատիվը խոսում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ իր գլխավորած գերատեսչության 2024 թվականի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե լավ կլիներ, որ Հայաստանի վարչապետն ընդուներ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին, որ պատրաստ են գնալու Երեւան։
Պատասխանելով հայտարարությանը` Միրզոյանը նշել է․ «Մենք շարունակում ենք ադրբեջանական կողմից ապացույցներ ստանալ այն մասին, որ «Արեւմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ կամ ենթադրում է ոտնահարում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նույնիսկ անունից սկսած։ Եթե նայենք, ապա «Արեւմտյան Ադրբեջանը» Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջաններն են։ Հայաստանի տարածքն անվանել «Արեւմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքի հանդեպ նրանց հավակնությունների մասին։ Նույնիսկ ունեն իրենց կառույցը ստեղծած՝ «Արեւմտյան Ադրբեջանի» համայնք։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների կամ նույնիսկ Հայաստանից ադրբեջանցի փախստականների համայնք, այլ «Արեւմտյան Ադրբեջանի» համայնք։ Այս կառույցը ոչ միայն իր հայտարարություններով, այլ նաեւ կանոնադրական փաստաթղթերով ցույց է տալիս, որ հստակ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այնպես որ սա հերթական շինծու առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է, եւ իրենք էլ դա չեն թաքցնում, Ադրբեջանի իշխանությունների կողմից»։
Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ Երեւանը երբեք էլ չի թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, եւ նրանք հեռացել են Հայաստանից Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգահեռ։
«Բայց ուզում եմ ընդգծել շատ կարեւոր եւ ուշագրավ մի հանգամանք։ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով։ Կարող եմ անգամ թվեր բերել։ 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, մինչդեռ բռնագաղթի կամ տեղահանության դեպքում այսպիսի բան պատկերացնել հնարավոր չէ։ Եթե ճիշտ եմ հիշում թիվը, ավելի քան 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ։ Ավելի քան 160 հազար ադրբեջանցի, որոնք հեռացել են, Հայաստանի կառավարությունից այդ ժամանակ ստացել են փոխհատուցում։ Հետեւաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված։ Հետեւաբար կարող ենք զուգահեռներ տանել Ադրբեջանում բնակված, եթե Լեռնային Ղարաբաղն էլ հաշվենք, հայերի հետ՝ հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները»,- նշել է նախարար Միրզոյանը։
Միրզոյանը նաեւ հավելել է, որ երկկողմ բանակցությունների օրակարգում ադրբեջանցիների վերադարձի մասին հարցեր չեն քննարկվում։