Նախորդ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում մի շարք փաստաթղթեր եւ առանձին ձեւակերպումներ են փոխանակել։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը իր գլխավորած գերատեսչության 2024 թվականի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփումներ։ Այնուամենայնիվ, մենք դեռ չունենք ստորագրված փաստաթուղթ։ Վերջին առաջարկները մենք ուղարկել ենք ամիս ու կես առաջ եւ այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- նշել է Միրզոյանը։
Նախարարը նաեւ հիշեցրել է, որ դեռ օգոստոսին է Երեւանը առաջարկել ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցրած 13 հոդվածները, սակայն այդ առաջարկը Բաքուն մերժել է։
Նրա խոսքերով՝ բանակցություննեը շարունակվել են, եւ այս պահին 17 հոդվածներից համաձայնեցվել է 15-ը։
«Տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այդ երկու հոդվածի վերաբերյալ մեր առաջարկների առնչությամբ։ Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին»,- նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Արմենպրեսի» հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Երեւանը առաջարկներ է ուղարկել Բաքվին եւ սպասում է դրանց պատասխաններին։
Ընդգծենք, որ ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի կետերից համաձայնեցված չեն երկուսը, եւ դրանք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան սահմանից երրորդ երկրների ուժերի ներկայության բացառմանը եւ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարմանը։ Նա միեւնույն ժամանակ կրկնել էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջները։
Նախօրեին էլ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, թե առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Սահմանադրության փոփոխության հնարավոր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Միրզոյանը այսօրվա ասուլիսին նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջեւ պայմանավորվածություն կա աշխատանքները շարունակելու վերաբերյալ։
«Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների եւ նրանց գլխավորած հանձնաժողովերի հերթական հանդիպումը։ Կա նաեւ ընկալում, թե ինչպես եւ որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասել է Միրզոյանը։
Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը հունվարին շարունակելու որոշման մասին նախօրեին հայտնել էր Ալիեւը, որը այսօր հաստատեց նաեւ վարչապետ Փաշինյանը։