ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հերթական անգամ հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։
Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի առանձնատանը հրավիրած ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ վերոնշյալ նպատակներին հասնելու համար չի պատրաստվում ներգրավելու ռազմականներին եւ կդիմի «միայն տնտեսական ուժի»։ «Որովհետեւ Կանադան եւ Միացյալ Նահանգները իսկապես ինչ-որ բան կլինեին»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը:
Նույն օրը Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր երկու քարտեզ, որոնցում Կանադան ներկայացված է ԱՄՆ-ի կազմում։
Ավելի վաղ էլ՝ հունվարի 6-ին, նորընտիր նախագահը գրել էր, որ Կանադայի շատ բնակիչներ ցանկանում են լինել ԱՄՆ 51-րդ նահանգը։
«Միացյալ Նահանգներն այլեւս չի կարող տուժել առեւտրի հսկայական դեֆիցիտներից եւ սուբսիդիաներից, որոնք Կանադային անհրաժեշտ են հոսքի մեջ մնալու համար: [Կանադայի վարչապետ] Ջասթին Թրյուդոն գիտեր դա եւ հրաժարական տվեց։ Եթե Կանադան միաձուլվեր ԱՄՆ-ի հետ, ապա մաքսատուրքերը չէին լինի, հարկերը զգալիորեն կիջնեին, եւ նրանք ամբողջովին ապահով կլինեին իրենց անընդհատ շրջապատող ռուսական եւ չինական նավերի սպառնալիքից»,- գրել էր Թրամփը Truth Social-ում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որ վերջերս հայտարարեց իր հրաժարականի մասին, այսօր X-ի էջում հրապարակած գրառմամբ արձագանքել է Թրամփի հայտարարություններին։
«Որեւէ շանս չկա, որ Կանադան կդառնա Միացյալ Նահանգների մաս։ Մեր երկու երկրների աշխատավորներն ու համայնքները շահում են միմյանց ամենամեծ առեւտրային եւ անվտանգային գործընկերը լինելուց»,- գրել էր Թրյուդոն։
Նրան պատասխանել է գործարար եւ Թրամփի մերձավոր դաշնակից Իլոն Մասկը։ «Աղջիկ, դու այլեւս Կանադայի նահանգապետը չես, այնպես որ կարեւոր չէ, թե ինչ ես խոսում», — հունվարի 8-ին գրել է միլիարդատերը X-ի էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Թրամփը Թրյուդոյին անվանել էր «Կանադայի նահանգապետ»։
Նշենք, որ Կանադան Թրամփի հնարավոր տարածքային հավակնությունների միակ թիրախը չէ։ Նա արդեն Պանամային սպառնացել է խլել Պանամայի ջրանցքը եւ հայտարարել, որ ԱՄՆ-ին պետք է Գրենլանդիան՝ Դանիային պատկանող ինքնավար տարածքը։