Ինչպես «Արեւմտյան Ադրբեջան» չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արեւմտյան Հայաստան էլ չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ՝ նշելով Հայաստանում չի եղել, չկա եւ չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան», իսկ այդ մասին հայտարարությունները ուղիղ ու ագրեսիվ հեռետորաբանություն են ինքնիշխան պետության նկատմամբ։
«Արեւմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արեւմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել։ Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ, երբ որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, մենք էլ պետք է հասկանանք, որ Արեւմտյան Հայաստանն Արմավիրի մարզի արեւմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է: Որովհետեւ իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է։ Ոնց որ «Արեւմտյան Ադրբեջան» չի կարա լինի Ղազախից այս կողմ, Արեւմտյան Հայաստան էլ չի կարա լինի Արմավիրից այն կողմ։ Արեւմտյան Հայաստանը Արաքս գետի մոտ ավարտվում է, եւ սա մեր անվտանգության կոնցեպտն է»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին ասուլիսների ժամանակ պնդել էր, թե Հայաստանի ղեկավարությունը պետք է ընդունի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին եւ հստակ երաշխիքներ ներկայացնի նրանց վերադարձի վերաբերյալ։
Այս հարցին նախօրեին անդրադարձել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ սկսած «Արեւմտյան Ադրբեջանի» համայնք անվանումից, վերջացրած կանոնադրական փաստաթղթերից՝ այդ կառույցը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություն։
Միրզոյանը նաեւ հիշեցրել էր, որ խորհրդային տարիներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները բռնագաղթի չեն ենթարկվել եւ հնարավորություն են ուենցել վաճառելու կամ փոխանակելու իրենց բնակարանները, ինչպես նաեւ օգնություն ստանալու այդ ժամանակվա Խորհրդային Հայաստանի ղեկավարությունից։ Այս համատեքստում Միրզոյանը շեշտել էր, որ նրանց իրավունքների ապահովման մասը եւս սպառված է։