Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։
Թուրքական կողմի փոխանցմամբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «մեկ ազգ, երկու պետություն» փոխըմբռնման հիման վրա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում մշտական խաղաղության հաստատմանը եւ միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ էլ Ալիեւը նույնպես նշել է, որ ադրբեջանա-թուրքական «եղբայրության, բարեկամության եւ ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով» եւ շեշտել, որ Բաքուն ու Անկարան միշտ են միմյանց կողքին։