Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի թեկնածու առաջադրված Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը չի պատրաստվում զիջումներ կատարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ ցանկանում է փրկել Ուկրաինան։
«Պետք է հասկանալ, որ նա [Թրամփը] չի փորձում ինչ-որ բան տալ [Վլադիմիր] Պուտինին կամ ռուսներին, նա իրականում փորձում է փրկել Ուկրաինան եւ նրա ինքնիշխանությունը եւ պատրաստվում է համոզվելու, որ դա կլինի արդար եւ ազնիվ։ Սրա մասին նա բազմիցս է ասել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Քելլոգը՝ մեկնաբանելով հունվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի հայտարարությունները:
Նա հավելել է, որ չի ցանկանում խոսել Թրամփի փոխարեն, քանի որ խոսում է իր անունից, եւ նորընտիր նախագահի թիմն ավելի շատ հնարավորություններ կունենա, երբ երդմնակալությունից հետո նա ստանձնի պաշտոնը։ Քելլոգը նաեւ կարծում է, որ Թրամփը կկարողանա «մոտ ապագայում» պատերազմին վերջ տալու «ընդունելի լուծում» առաջարկել։
Հունվարի 7-ին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի առանձնատանը հրավիրած ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «կարող է հասկանալ Ռուսաստանի զգացմունքները»՝ կապված Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ անհանգստությունների հետ: Նրա խոսքով՝ Բայդենը խախտել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ նախկինում կնքված գործարքը՝ հայտարարելով, որ Ուկրաինան պետք է կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։