Գրենլանդիան ապագայում կարող է անկախ պետություն դառնալ, բայց հազիվ թե այդ անկախությունն օգտագործվի ԱՄՆ նահանգ դառնալու համար։ Այդ մասին հայտարարել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենը՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները։
Reuters-ը, որը մեջբերում է այս հայտարարությունը, նշում է, որ Դանիայի իշխանություններն ուղղակիորեն չեն քննադատում Թրամփին, այլ ավելի շուտ ձգտում են տպավորություն ստեղծելու, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասին նրա խոսքերը չեն ընկալում որպես սպառնալիք։
Միեւնույն ժամանակ, ԵՄ այլ երկրների մի շարք քաղաքական գործիչներ շատ ավելի կոշտ են արձագանքել Թրամփի խոսքերին։ Մասնավորապես Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել էր, որ Եվրամիությունը թույլ չի տա այլ երկրների ներխուժել իր սահմանները՝ անկախ նրանից, թե ինչ երկիր է դա։ ԵՄ երկրների սահմանների անձեռնմխելիության մասին խոսել է նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները ուշադրություն էին հրավիրել նոր տարվանից Դանիայի թագավորական զինանշանի ձեւավորման փոփոխության վրա, որում Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների խորհրդանիշերը նոր՝ պատվավոր տեղ են ստացել՝ դա մեկնաբանելով որպես պատասխան Թրամփի պնդումներին։
Այս իրադարձությունների ու հայտարարությունների ֆոնին չորեքշաբթի կայացել էր ինքնավար Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեի եւ Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հանդիպումը։ Թագավորի հետ Գրենլանդիայի առաջնորդի բանակցությունների բովանդակությունը չի հաղորդվում։
Վերջերս Թրամփի հայտարարությունների ֆոնին Էգեդեն խոսել էր կղզու բնակիչների անկախության ցանկության մասին։ Միաժամանակ նա նշել էր, որ կղզին «չի վաճառվում»։
Դանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, մեկնաբանելով հանդիպումը, կրկնել է, որ Գրենլանդիայի հնարավոր անկախության հարցը պետք է որոշեն գրենլանդացիները։ Նա նաեւ նշել է, որ հասկանում է ԱՄՆ-ի մտահոգությունները Արկտիկայի անվտանգության հետ կապված եւ պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Վաշինգտոնի հետ։
Թրամփը մի քանի անգամ հայտարարել է Դանիայից Գրենլանդիան գնելու իր ցանկության մասին՝ այն անվանելով «բացարձակապես կարեւոր» ամերիկյան անվտանգության համար։ Դանիան հերքում է նման գործարքի հնարավորությունը։ Հունվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նորընտիր նախագահին հարցրել են, թե արդյոք նա կբացառի խնդրի լուծման համար տնտեսական կամ ռազմական ուժի կիրառումը։ Նա հրաժարվել է այդ հնարավորությունները բացառելուց, ինչը ԵՄ ներկայացուցիչների հետագա անհանգստությունն է առաջացրել:
Թրամփը նաեւ հայտարարություններ է արել Կանադայի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորության, ինչպես նաեւ Պանամայի ջրանցքի գոտու նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու հնարավորության մասին։