ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով չեղարկել է իր ծրագրված այցը Հռոմ եւ Վատիկան։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Իտալիա ուղեւորությունը պետք է լիներ Բայդենի վերջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում։ Թռիչքը պետք է կայանար հունվարի 9-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի հիշատակին նվիրված ելույթից հետո: Եռօրյա այցի ընթացքում Բայդենը պետք է հանդիպեր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի եւ վարչապետ Ջորջիա Մելոնիի, ինչպես նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը հայտարարել է, որ Լոս Անջելեսի շրջանում բռնկված հրդեհները փոխեցին այդ ծրագիրը։ Նրա խոսքերով՝ այդ օրը նախագահը ուղեւորվել է Կալիֆոռնիա՝ հենց նահանգապետից հրդեհների մասին տեղեկություն ստանալու համար, իսկ Վաշինգտոն վերադառնալուց հետո որոշել է չեղարկել ուղեւորությունը։
Լոս Անջելես կատարած այցից հետո Բայդենը հավանություն էր տվել նահանգապետ Գեւին Նյուսոմի խնդրանքին եւ հայտարարել, որ տեղի ունեցածը հսկայական բնական աղետ է, ինչը հնարավորություն կտա դաշնային ֆինանսավորում ապահովելու բնակարանների եւ տների ժամանակավոր վերանորոգման համար, ինչպես նաեւ ցածր վարկեր տրամադրելու հրդեհից տուժածների չապահովագրված գույքի կորուստները փոխհատուցելու համար:
«Մենք պատրաստ ենք անելու ամեն ինչ՝ Հարավային Կալիֆոռնիայում հրդեհները զսպելու եւ վերականգնմանը աջակցելու համար: Բայց մենք գիտենք, որ դա դժոխային երկար ճանապարհ է լինելու: Դաշնային կառավարությունն այստեղ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք մեր կարիքն ունեք»,- ասվում է Բայդենի X-ի էջում հրապարակված գրառման մեջ:
ABC News-ը հայտնում է, որ հրդեհների հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 5-ի։ Ավերվել կամ վնասվել են ավելի քան 2 հազար տներ, ձեռնարկություններ եւ այլ շինություններ, տարհանվել է մոտ 130 հազար մարդ։