ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, որն Ազգային ժողով էր ներկայացրել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։
Հիմնական զեկուցող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ վերջին տարիների ինտենսիվ եւ բովանդակալից համագործակցություն է զարգացել, որը ներառել է քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական եւ անվտանգային ոլորտները։
«Եվրոպական միությունը տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել եւ, ըստ էության, ներգրավվել է Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Եվրոպական միությունը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»,- հայտարարել է Միրզոյանը։
Արտգործնախարարը հաջորդիվ առաջարկեց օրենքի նախագծում որոշ փոփոխություններ կատարել՝ համապատասխանեցնելով այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։ Նա մասնավորապես առաջարկել է նախագծի բովանդակային մասը ներկայացնել որպես հոդվածներ, վերաշարադրել որոշ արտահայտություններ եւ հստակեցնել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը։
Հիշեցնենք, որ դեռ 2023-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինելու Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
Միրզոյանը, այսօրվա Կառավարության նիստում հիշեցնելով Փաշինյանի այս հայտարարությունը, նշեց․ «Մենք դա [ԵՄ անդամակցության] հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել․ նկատի ունեմ ե՛ւ վիզաների ազատականացման մեկնարկը, ե՛ւ մի շարք այլ գործիքներ, որոնք արդեն քննարկվում են կամ կիրառվում են մեր եւ Եվրոպական միության միջեւ։ Ելնելով այս հանգամանքներից՝ մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել»։
ՀՀ վարչապետն էլ հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ Կառավարության որոշման մակարդակով՝ ընդգծելով, որ դա պետք է տեղի ունենա բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է ՀՀ Սահմանադրությունը։
«Օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս ուղիղ իմաստով, որովհետեւ այդ կետին հասնելու համար եւ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի եւ նույնիսկ Կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Եթե հիմա նույնիսկ օրենք ընդունենք, Կառավարության որոշում ընդունենք, ինչքանով դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց Եվրամիության եւ ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշումը մեր Սահմանադրության համաձայն կարելի է իրականացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով»,- հայտարարել է վարչապետը։