Իրանցի բարձրաստիճան գեներալ Բեհրուզ Էսբաթին, ելույթ ունենալով Թեհրանի մզկիթներից մեկում, հայտարարել է, որ Մոսկվան փաստացի խաբել է Իրանին՝ պնդելով, որ դեկտեմբերի սկզբին Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակումների ժամանակ հարվածներ է հասցրել վերջինների դիրքերին: Նրա ելույթի աուդիո ձայնագրությունը հրապարակել է ժնեւյան Abdi Media կայքը, գրում է The New York Times-ը։
Էսբաթին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն անվանել է Իրանի «պարտություն»։
«Չեմ կարծում, որ Սիրիայի կորուստը հպարտանալու բան է։ Մենք պարտություն կրեցինք, շատ լուրջ պարտություն։ Մեզ շատ ուժեղ հարված են հասցրել»,- ձայնագրության մեջ ասում է գեներալը։
Իրանի հարաբերությունները Բաշար ալ-Ասադի հետ վերջին ամիսներին լարված են եղել, ասել է նա։ Դա պայմանավորված է նրանով, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո Ասադը մերժել է Իսրայելի դեմ ճակատ բացելու վերաբերյալ Թեհրանի բազմաթիվ խնդրանքները:
Էսբաթին նաեւ մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հակակառավարական ուժերի դեմ իր գործողությունների վերաբերյալ Իրանին մոլորեցնելու համար։ Նրա վարկածի համաձայն՝ ռուսական ավիացիան ապստամբներին հարվածելու փոխարեն ռումբերն ու հրթիռները նետել է ամայի տարածքների վրա։
Գեներալը նաեւ պնդում է, որ նախորդ տարի, երբ Իսրայելը հարվածներ էր հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին, Ռուսաստանը անջատել էր մի քանի ռադարներ՝ «փաստացի նպաստելով այդ հարձակումներին»։ Էսբաթին հավելել է, որ Իրանը կշարունակի գործել Սիրիայում եւ կփորձի «դիմադրության օջախներ» ձեւավորել։
The New York Times-ը պնդում է, որ գեներալի հայտարարությունները «ապշեցրել են» իրանցիներին թե՛ իրենց ուղիղ եւ աներկիմաստ բովանդակությամբ եւ թե՛ այն պատճառով, որ դրանք արվել են Իրանի զինված ուժերի այդպիսի բարձրաստիճան գեներալի կողմից։
Պարբերականի տվյալներով՝ Էսբաթին գլխավորել է Սիրիայում Իրանի ռազմական գործողությունները եւ իր գործողությունները համաձայնեցրել սիրիական ռազմական հրամանատարների եւ ռուս գեներալների հետ։
Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Էսբաթիի մեղադրանքները։
2024 թվականի դեկտեմբերի սկզբին «Հայաթ թահրիր ալ-Շամ» շարժման գլխավորությոամբ Սիրիայում տապալվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24 տարի գյություն ունեցած վարչակարգը։
Հակակառավարական ուժերի հարձակումների ժամանակ ռուսական ռազմական ուժերը պարբերաբար հայտնում էին, որ «ռմբային եւ հրթիռային հարձակումներ են իրականացրել Իդլիբ, Համա եւ Հալեպ նահանգներում ահաբեկիչների կենդանի ուժի, տեխնիկայի, զինամթերքի պահեստների եւ զենքերի կենտրոնացված տարածքների վրա»: