Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպմամբ հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը Բաքուն փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար։
Միեւնույն ժամանակ վարչապետն ընդգծում է, որ հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից:
Հիշեցնենք՝ վերջին ասուլիսների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ընդունի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին եւ բանակցի նրանց հետ նախկինում բնակված վայրեր վերադառնալու շուրջ։
Փաշինյանն էլ, ինչպես նախօրեին «Ընտանեկան փոդքաստի» ժամանակ էր հայտարարել, այսօր կատարած գրառման մեջ շեշտել է. «Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան»։
Փաշինյանը նաեւ կրկնել է Արեւմտյան Հայաստանի ընկալման մասին իր տեսակետները՝ նշելով․ «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան»։ Շարունակելով միտքը՝ վարչապետը հավելել է․ «Արեւելյան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւելյան Հայաստան»:
Փաշինյանը նաեւ անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարություններին, որ Երեւանին մատակարարված զինամթերքը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային խաղաղության համար, եւ դրանք պետք է վերադարձվեն, իսկ Ֆրանսիայի եւ մյուս երկրների հետ կնքած ռազմատեխնիկական պայմանագրերը լուծարվեն։
Ըստ ՀՀ վարչապետի՝ «պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն»։
Հաջորդիվ գրառման մեջ Փաշինյանը ներկայացնում է տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը, որը հետեւյալն է․
ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,
բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը,
գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,
դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցը Ադրբեջանական Հանրապետության տարածքով՝ համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների,
ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել,
զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,
է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա,
ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից՝ ներառյալ, բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,
թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա,
ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել,
ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ՝ խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,
լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն: