ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 9-ին Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան բազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը իր ելույթում։
Պենտագոնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Օսթինը նշել է, որ ռազմական օգնության փաթեթը «ներառում է լրացուցիչ հրթիռներ՝ նախատեսված ուկրաինական հակաօդային պաշտպանության համար, ավելի շատ զինամթերք, «օդ-երկիր» զինամթերք եւ այլ սարքավորումներ՝ ուղղված ուկրաինական F-16-ներին աջակցելուն»։
Այս ռազմական աջակցությունը կուղարկվի Presidential Drawdown Authority-ի (PDA, Շահագործում զինատեսակները հանելու նախագահի հրամանագրի) շրջանակում, ինչը ԱՄՆ իշխանություններին հնարավորություն է տալիս Կիեւ զենք ուղարկելու ամերիկյան բանակի պաշարներից։
Associated Press-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը հունվարի 9-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերջնական փաթեթի մասին: AP-ի աղբյուրները նշել էին, որ փաթեթը «զգալի» կլինի, բայց հազիվ թե ներառի Կիեւին օգնելու համար ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված գումարի մնացած 4 միլիարդ դոլարը:
«Ռամշտեյն կոնտակտային խմբի» հանդիպման ժամանակ Կիեւի դաշնակիցները հաստատել են ճանապարհային այն քարտեզները, որոնք նախանշում են մինչեւ 2027 թվականը «Ուկրաինայի անվտանգության աջակցության համար գործադրվող ջանքերը»։