Հինգշաբթի Լիբանանի խորհրդարանը քվեարկության երկրորդ փուլով նախագահ ընտրեց բանակի գլխավոր հրամանատար Ջոզեֆ Աունին։
Քվեարկության առաջին փուլը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, սակայն Աունը չի կարողացել ապահովել հաղթանակի համար անհրաժեշտ 86 ձայնը (128-ից)՝ ստանալով միայն 71 խորհրդարանականի աջակցությունը։
Հաղորդվում է, որ ընտրական փուլերի միջեւ ընդմիջման ընթացքում լիբանանցի օրենսդիրները ակտիվ խորհրդակցություններ են անցկացրել տարբեր մակարդակներում: Աունի համակիրներին առաջին հերթին անհրաժեշտ էր իրենց կողմը գրավել շիա պատգամավորներին:
BBC-ն նշում է, որ Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր է ավելի քան երկու տարի, եւ մի երկրի համար, որը թուլացել է տարիների տնտեսական ճգնաժամի եւ Իսրայելի հետ վերջին պատերազմի պատճառով, ավելի քան երբեւէ կարեւոր է լրացնել իշխանության վակուումը:
Լիբանանի համայնքային կառավարման բարդ համակարգը նախատեսում է, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի քրիստոնյա-մարոնիտը։
Աունի թեկնածությունը պաշտպանեց նույնիսկ քրիստոնեական աջ կենտրոնամետ Մարադա կուսակցության առաջնորդ Սուլեյման Ֆրանգիեն՝ փորձառու քաղաքական գործիչը եւ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարարը, որը հրաժարվեց նախագահի պաշտոնի իր հավակնություններից հօգուտ զինվորականի:
Փորձագետները այսօրվա քվեարկությունը համարում են վերջին տարիների ամենալուրջ քաղաքական փորձությունը Լիբանանի համար։ Բանն այն է, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ընտրությունը ազդանշան կլինի, որ Իրանի ազդեցությունը Լիբանանում նկատելիորեն թուլացել է։
Բանակը երկրի բոլոր մակարդակներում ամենահեղինակավար կառույցն է, եւ զինվորականի ներկայությունը նախագահի պաշտոնում կարտացոլի առաջին հերթին իր շահերին ծառայելու Լիբանանի մտադրությունը:
Այս զարգացումը այն ձախողումների շարքի բնական շարունակությունն էր, որոնք Իրանը կրել է վերջին ժամանակներս Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում։ Իսրայելի հետ զինված հակամարտությունից հետո լիբանանյան իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորումը հսկայական կորուստներ կրեց ինչպես փորձառու ղեկավարության, այնպես էլ ռազմական հզորության ասպեկտներում: Կառույցի դիրքերը երկրում նույնպես թուլացել են, թեեւ Հեզբոլլահի քաղաքական թեւը շարունակում է մնալ լիբանանյան քաղաքական դաշտի մի մասը:
Թեհրանին հասցված մյուս հարվածը Սիրիայում Բաշար ալ-Ասադի հավատարիմ վարչակարգի տապալումն էր, որի հետեւանքով Իրանը կորցրեց իր կարեւոր հենարանը տարածաշրջանում։
Լիբանանի քաղաքական շրջանակներում, BBC-ի աղբյուրների համաձայն, քվեարկության նախօրեին Արեւմուտքի եւ մի շարք արաբական երկրների ներկայացուցիչներ ակտիվացրել են շփումները լիբանանյան իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով նպաստելու Ջոզեֆ Աունի ընտրությանը։
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանները չորեքշաբթի առավոտյան հանդիպել են մի խումբ լիբանանցի քաղաքական գործիչների հետ:
Փորձագետները նշում են, որ ընթացիկ ընտրությունները առանձնահատուկ նշանակություն ուներ Ալ-Ռիադի համար։ Բրիտանական լրատվականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ժամանակին Իրանի հետ մրցակցում էր Լիբանանում ազդեցության համար, իսկ այժմ կարծես թե մտադիր է փոխհատուցել կորցրած ժամանակը:
Հաղորդվում է նաեւ, որ Աունի թեկնածությանը կողմ է եղել նաեւ ԱՄՆ-ը։