Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ եւ անվտանգությամբ եւ կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի եւ Երեւանի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման համար Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները եւ Երեւանից դրանց տրվող արձագանքները։
Նշելով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ, Պեսկովը հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության ու անվտանգության մթնոլորտ Կովկասում։ Մենք լավ հարաբերություններ ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ եւ կարեւորում ենք այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այս հարաբերություններն էլ ավելի զարգանան»։
Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արդյոք վերջերս շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել, որ Հայաստանը «ֆաշիստական պետություն է», իսկ Հայաստանին մատակարարվող զինամթերքը պետք է վերադարձվի, քանի որ դրանով սպառնալիքներ են ստեղծվում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ տարածաշրջանի համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ «որեւէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը»։
Այսօր էլ ֆեյսբուքյան էջում հրապարակած գրառման մեջ Փաշինյանը շեշտել էր՝ «պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն»։