Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու երկու հնարավորություն եմ ունեցել, երկուսն էլ՝ նրա առանձնատանը:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2011 թվականի գարնանը: Ավարտին էի հասցնում իմ «Հայերը եւ թուրքերը» հատորը եւ ուզում էի առաջին նախագահից անձամբ ճշտել ԵԱՀԽ 1992 թվականի հունվարյան մի դրվագ:
Դիմեցի Վլադիմիր Կարապետյանին, ով այսօր Իտալիայում ՀՀ դեսպանն է:
Ապրիլյան օր էր: Երբ Կարապետյանի հետ մտանք նախագահի առանձնատան տարածք, մոտ հարյուր մետր հեռվում նկատեցի բահը ձեռքին մի մարդու, որ խնձորենիներն էր խնամում:
Մոտենալով պարզեցի, որ այգեգործը Տեր-Պետրոսյանն է: Անսովոր էր նախկին նախագահին տեսնել այդպես: Ինքս լինելով գյուղացի այգեգործ՝ աչքիցս չվրիպեցին բավականին ընդարձակ այգու ծառերի խնամվածությունը եւ մաքրությունը:
Բարեւեցինք ու մտանք տուն: Երկրորդը, որ ինձ զարմացրեց, նախագահի առանձնատան ընդգծված սովորական լինելն էր: Աչք ծակող ոչինչ չկար՝ բացի սեղաններին դրված գրքերի քանակությունից:
Նախագահի կինը սուրճ հյուրասիրեց, մոտ մեկ ժամ զրուցեցինք՝ հիմնականում Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:
Երկրորդ անգամ նախագահի առանձնատանը եղա 2022-ի նոյեմբերին: Այս անգամ հանդիպումը կազմակերպել էր Արման Մուսինյանը:
Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում խոսեցինք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից, Հայաստանի պատմության եւ հայությանը հուզող հարցերից:
Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու մենք ուրացանք 1990-1998 թվականների ձեռքբերումները:
Գուցե մենք արժանի էինք իննսունականների Վրաստանի եւ Ադրբեջանի ճակատագրին: Մեր երկու հարեւանները ունեցան Գամսախուրդիա ու Էլչիբեյ՝ աղետ բերելով իրենց երկրներին ու ժողովուրդներին:
Հայաստանն ու նրա ժողովուրդը նույնպես ունեցան աղետ ու արհավիրք, բայց դրանք արդեն այլ ժամանակներ են:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։