Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտոնական հաղորդման համաձայն՝ վարչապետը, հանդիպմանը նշելով, որ Հայաստանն ու Իրանը միմյանց հետ կապված են բնական շահերով, ընդգծել է Կառավարության շահագրգռվածությունը՝ հետեւողականորեն զարգացնելու եւ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:
Ալի Աքբար Ահմադիանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա քաղաքակրթական հարուստ անցյալը եւ երկու ժողովուրդների շրջանում ջերմ շփումները վստահություն են հաղորդում, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ խորանալ:
Հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Ահմադիանը քննարկել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը վերաբերող հարցեր եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանն ու Իրանը ունեն համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության եւ այլ բնագավառներում:
«Կարեւորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրանական կողմի հետ փոխգործակցության զարգացումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ ավտոմայրուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի նաեւ երկկողմ առեւտրաշրջանառության եւ բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը»,- ասվում է ՀՀ վարչապետի մամաուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ նախագծի իրականացմանը դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա: