ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Ֆլորիդայի իր առանձնատանը հանրապետական նահանգապետների հետ հանդիպումից առաջ, հաղորդում է Reuters-ը հունվարի 10-ին։
«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել, եւ մենք դա կկազմակերպենք։ Նա նույնիսկ հրապարակավ է դա ասել, եւ մենք պետք է վերջ տանք այս պատերազմին։ Սա արյունոտ խառնաշփոթ է»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը։
Նորընտիր նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչից է բաղկացած հանդիպման նախապատրաստման գործընթացը, եւ երբ այն կարող է տեղի ունենալ։
Կրեմլը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։
Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին ասուլիսի ժամանակ հույս էր հայտնել, որ պաշտոնը ստանձնելուց հետո վեց ամսվա ընթացքում կհանդիպի Պուտինի հետ։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունվարի 9-ին հայտարարեց, որ Կրեմլը Թրամփից կամ նրա թիմից ոչ մի հարցում չի ստացել Պուտինի հետ զրույցին նախապատրաստվելու համար։
«Եթե պաշտոնը ստանձնելուց հետո պահպանվի ամենաբարձր մակարդակով շփումները վերսկսելու քաղաքական կամքը, ապա, իհարկե, նախագահ Պուտինը միայն կողջունի դա։ Նա բազմիցս խոսել է երկխոսության իր պատրաստակամության եւ այդ երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասել էր Պեսկովը։