Ռուսաստանը Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման սկիզբը Հայաստանում համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է հենց այս հանգամանքը հաշվի առնելով։ Միեւնույն ժամանակ, սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է, որի իրավունքն անկասկած ունի»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի կլինի Եվրասիական տնտեսական միության հետ, եւ այս դեպքում էներգակիրների գները կբարձրանան, իսկ արտահանումը հանրապետությունում կնվազի։
«ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ պահի կհամատեղվեն»,- նշել է ռուս պաշտոնյան եւ հավելել, որ ԵՄ-ին անդամակցելու մասին ՀՀ օրենքը երկրին փաստացի դնում է ընտրության առաջ։
Ըստ Օվերչուկի՝ «այժմ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, եւ հաշվի առնելով այն տնտեսական եւ սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ»:
Նախօրեին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, որն այժմ պետք է քննարկվի հանրապետության խորհրդարանում։