ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինպես են որոշ գրենլանդացիներ խնդրում ԱՄՆ-ին գնել կղզին Դանիայից։
Տեսանյութը նկարահանել է քաղաքական գործչի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի թիմը, որը հունվարի սկզբին այցելել է Գրենլանդիա։
«Շնորհակալ եմ Գրենլանդիայի անհավանական ժողովրդին իմ որդուն՝ Դոն կրտսերին եւ [ԱՄՆ] այլ ներկայացուցիչների նման ջերմ ընդունելության համար: Մենք նորից կհանդիպենք՝ շուտով»,- գրել է ընտրված նախագահը Truth Social-ում։
Տեսանյութում երեւում է, որ մի քանի գրենլանդացիներ կրում են Թրամփի նախընտրական հայտնի լոզունգի՝ MAGA (Make America Great Again- Ամերիկան մեծ դարձնենք նորից) հապավումով գլխարկները: Նրանցից ոմանք խոսել են հենց Թրամփի մասին՝ նրան անվանելով մեծ եւ ուժեղ առաջնորդ։ Մյուսներն ուղղակիորեն կոչ են արել «գնել Գրենլանդիան» եւ դրական պատասխան տվել, երբ պատվիրակության ներկայացուցիչները հարցնում են, թե արդյոք նրանք ցանկանում են, որ կղզին դառնա «Ամերիկայի մի մասը», եւ ապագա նախագահը «գնի» այն:
Գրենլանդիայի խորհրդարանի անդամ, արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նախագահ Պիպալուկ Լինգեն ասել է, որ տեղի լրագրողներին «թույլ չեն տվել» հարցազրույց վերցնել Թրամփի որդուց: «Նրա ամբողջ այցը կազմակերպված էր ցույց տալու համար, թե իբր, Գրենլանդիայի ժողովուրդը MAGA-ի կողմնակից է եւ ցանկանում է լինել Միացյալ Նահանգների մի մասը», — Politico-ին ասել է պատգամավորը: Լյունգեն հավելել է, որ Գրենլանդիան իսկապես ցանկանում է «պահպանել իր անկախությունն ու ժողովրդավարությունը» եւ չի ցանկանում միանալ ԱՄՆ-ին։
Հիշեցնենք՝ հունվարի 7-ին ամերիկացի նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա ԱՄՆ-ի մաս, որն անհարժեշտ է ազգային անվտանգությունն ապահովելու եւ չինական ու ռուսական սպառնալիքներից պաշտպանվելու համար։