Անկարան եւ Մոսկվան ինտենսիվ բանակցություններ են վարել, որպեսզի դեկտեմբերին Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակումների ժամանակ ռուսական օդուժը չաջակցի սիրիական բանակին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը կայացրել է իր որոշումները։ Ի վերջո, ինչպես տեսնում ենք, այնտեղ եկել են այն եզրակացության, որ [Սիրիայի նախկին նախագահ] Բաշար ալ-Ասադին աջակցելն այլևս ոչ մի օգուտ չի բերում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ տարածաշրջանին։ Կարծում եմ՝ նրանք վաղուց են համոզվել դրանում։ Կարծում եմ՝ Հալեպի գրավումից հետո որոշակի սպառնալիքներ եղան։ Պատասխանելու համար ռուսները ռազմական ներուժ ունեին եւ կարող էին դա օգտագործել։ Բայց նրանք որոշեցին դա չանել։ Մենք ինտենսիվ շփումներ ենք ունեցել այս հարցի շուրջ։ Անկեղծ կլինեմ, նրանք գործեցին ռացիոնալ խաղացողի պես»,- ասել է Ֆիդանը, որի խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը «չմիջամտեց Դամասկոսի անկման ժամանակ», իսկ «հեղափոխական ուժերն ապահովել են ռուսական զորքերի անվտանգ վերադարձը և չեն հարձակվել նրանց բազաների վրա»։
Անդրադառնալով Սիրիայում ռուսական ռազմաբազաների առկայության հեռանկարներին՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան ավելի վաղ խոսել էր այս հարցի շուրջ՝ պարզ դարձնելով, որ դրանց հետագա ճակատագիրը կորոշվի բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք՝ օրերս իրանցի բարձրաստիճան գեներալ Բեհրուզ Էսբաթին էր Թեհրանի մզկիթներից մեկում հայտարարել, որ Մոսկվան փաստացի խաբել է Իրանին՝ պնդելով, որ դեկտեմբերի սկզբին Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակումների ժամանակ հարվածներ է հասցրել վերջինների դիրքերին, մինչդեռ ռմբակոծել էր դատարկ տարածությունները։